copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:06 22-09-2025

Իտալիայում համազգային գործադուլ է

Իտալիայում անցկացվում է համազգային գործադուլ, որը հիմնականում տարածվում է տրանսպորտային հատվածի, ինչպես նաև պետական ​​հիմնարկությունների, այդ թվում՝ դպրոցների վրա։

Մի շարք արհմիություններ նաև բողոքի ակցիա են հայտարարել «Պաղեստինում ցեղասպանության, Իսրայելին զենքի մատակարարումների, պատերազմի տնտեսության ու ռազմական ծախսերի աճի» դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արհմիությունների հայտարարությունը:

Բողոքի մասնակիցները հայտարարում են աշխատանքի շահագործման, անարդար վարձատրության, հստակ արդյունաբերական քաղաքականության բացակայության մասին:

Աշխատողները նաև կոչ են անում ժամում նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ պակաս, քան 12 եվրոյի մակարդակում:

Բողոքողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես նշում է La Repubblica թերթը, ավելի քան 80 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում, Ջենովայում և Պալերմոյում, կանցկացվեն երթեր: Միայն մայրաքաղաքում սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն:

Բողոքի ակցիային ակտիվորեն աջակցում են նավահանգիստների աշխատողները, ինչպես նաև առաջատար համալսարանները: Պաղեստինին աջակցության ցույցերին, որպես կանոն, ակտիվորեն մասնակցում են ուսանողները:

Օրվա ընթացքում զգալի դժվարություններ են սպասվում խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման և երթերի հետևանքով ճանապարհների փակման պատճառով։Ներկայիս գործադուլը արտահայտված հակակառավարական բնույթ է կրում։

Ցուցարարները հանդես են գալիս «Ամեն ինչ արգելափակեք» կարգախոսով՝ կրկնելով Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կարգախոսները։