Հրապարակ օրաթերը գրում է․ ՔՊ-ում սգի մեջ են, հատկապես՝ իշխանականները, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից եւ գործողություններից ակնհայտ է դառնում, որ չեն ձգելու մինչեւ հերթական ընտրությունները, եւ հայտարարվելու է արտահերթի մասին, իսկ դա նշանակում է ոչ միայն մի քանի ամիս պակաս աշխատավարձ ստանալ, այլեւ զրկվել պատգամավորական թոշակից։
Բանն այն է, որ օրենքը սահմանում է, այսպես կոչված, պատգամավորական բարձր թոշակ, եթե անձը մեկ «սռոկ», այսինքն՝ հինգ տարի լիարժեք պատգամավոր է աշխատել, խորհրդարանի լիազորությունների բնականոն ավարտից հետո մոտ 200 հազար դրամ ամսական թոշակ է սահմանված՝ ցկյանս։
Իսկ եթե խորհրդարանի լիազորությունների ավարտից թեկուզ մեկ ամիս էլ շուտ արտահերթ ընտրություններ արվեն, ապա այդ թոշակի փոխարեն թոշակի ժամանակ սովորական թոշակ են ստանալու։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին քպականները հայտարարեցին, որ կուսակցական ժողով են արել ու «եկել եզրահանգման», որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա: Այսինքն, ընտրությունները կլինեն 2026 թվականի հունիսին: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Նիկոլ Փաշինյանը լրջորեն հակված է անցկացնել արտահերթ ընտրություններ: Բանն այն է, որ նա հիանալի գիտակցում է, որ «խաղաղության» ու վաշինգտոնյան հանդիպման հետ կապված քարոզչական փուչիկը երկար կյանք չունի, չի կարողանալու մոտ ինն ամիս թեման «տաք պահել», մյուս կողմից՝ կա ճնշում Ալիևի կողմից՝ արագ անցկացնել ընտրություններ, որ խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար համոզված լինի՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը պահել իշխանությունը և սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, քպականների մեծ մասը դեմ է եղել: Չնայած որպես պաշտոնական վարկած նշվում է «ժողովուրդը 5 տարով է մանդատ տվել» և «արտահերթի հիմքեր չկան» ձևակերպումները, այդուամենայնիվ, քպականների գլխավոր մտահոգությունն այն է եղել, որ ամբողջական գումարման պատգամավոր չլինելով՝ էլի չեն կարողանա ապահովել բարձր կենսաթոշակի իրավունքը, ինչպես և 2021 թվականին: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանց առնվազն մեծ մասն այլևս պատգամավոր չի լինելու: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, չնայած Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ հայտարարվի արտահերթի չգնալու մասին, այդուամենայնիվ, նա դեռևս վերջնական որոշում չունի: Չի բացառվում, որ նա կա՛մ իսկապես իր թիմակիցներին է հանգստացրել, կա՛մ էլ պարզապես վերոնշալ հայտարարությունները քաղաքական դաշտի ընդդիմադիր դաշտին հանգստացնելու դրդապատճառ ունենան, որպեսզի կարողանա անակնկալի բերել ու նոյեմբերին արտահերթ ընտրություններ նախաձեռնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Վարչապետի նպատակը 2026-ի խորհրդարանական ընտրություններին իր կողմից փորձված ՔՊ-ականներ ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։ Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու: Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։
Հրապարակ օրաթերը գրում է․ Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։
Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով եւ Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։
Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արեւմտյան արժեհամակարգի կրող է եւ գենդերային խտրականություն չի դնում։