«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչպե՞ս՝ բացատրենք:
Ադրբեջանն ստացավ՝
1. Միջանցք, որը նրան տրամադրեց Հայաստանը ԱՄՆ-ի միջոցով
2. ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը, որը փակեց արցախահայության վերադարձի էջը,
3. Ադրբեջանը հասավ նրան, որ եվրադիտորդները դուրս կգան Հայաստանից:
4. 907-րդ բանաձևի չեղարկվեց:
5. Ադրբեջանը չունի հստակ ուղղորդում՝ ինչպես, որ քարտեզով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:
6. Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերը հետ կվերցվեն:
Այսինքն՝ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին տրամադրեց միջանցք, որը Փաշինյանի կողմնակիցները բառացի խուսափում են «միջանցք» ասելուց՝ այն ձևակերպելով տարբեր անուններով․ բայց 99 տարով վարձակալությամբ տրված սուվերեն տարածքի նկատմամբ մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը:
Իհարկե, հայաստանյան քաղաքական դաշտում փորձում են ներկայացնել այնպես, որ իբրև Հայաստանն էլ է ստանալու այլ կապեր, հաղորդակցման ուղիներ, ճանապարհներ, սակայն այդ փոխադարձության պայմանավորվածությունը որևէ տեղ չի երևում, թե Հայաստանը Ադրբեջանի որ ճանապարհով, ինչ ձևաչափով է դուրս գալու աշխարհ՝ անխոչընդոտ:
Հրապարակը օրաթերը գրում է․ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց` մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, եւ կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։ Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, եւ անիմաստ էր որեւէ քայլ անելը: Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, եւ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, եւ սա հերթական կապիտուլյացիան է։ Բացի այդ, լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Սամվել Կարապետյանի թիմում, կուսակցական գրասենյակներ են վարձակալում, մոբիլիզացնում, ռեսուրսներն են հաշվում, որպեսզի սեպտեմբերից ակտիվանան։ Սրանով պայմանավորված է նաեւ որոշ ընդդիմադիրների պասիվությունը, սպասում են առաջին ջութակին, որ հետո նվագակցեն։ Ի դեպ, երեկ Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձեւով» շարժումը, որը «դառնալու է այն հենքը, որի վրա կձեւավորվի նոր քաղաքական ուժը»:
Հրապարակը օրաթերը գրում է․ Մի քանի շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ հայտարարություն չի արել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վերջին գրառումը Մայր Աթոռի «նորոգման օրակարգին» նվիրված նրա հակաքրիստոնեական գրառումն էր՝ հուլիսի 23-ին, որով ծրագիր էր ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից՝ ժամանակավոր տեղապահ նշանակելով ամուսնացյալ քահանայի, մինչեւ նոր կաթողիկոսի ընտրությունները։ Հիշեցնենք, որ խոստացել էր մեծ հոգեւոր հավաք անել Էջմիածնի հրապարակում եւ շարժումն անձամբ առաջնորդել։ Լուրեր էին շրջանառվում, որ այս պլանն իրագործելու է Վարդավառին՝ հուլիսի 27-ին, պատարագի օրը, բայց դա տեղի չունեցավ։ Ապա եղան վաշինգտոնյան հանդիպումները, եւ Հայաստանը նորից մտավ վտանգավոր փուլ, իշխանականների «գլուխը խառնվեց», հիմա զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ: Չնայած դրան՝ իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասեւեռումներից։ Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։ Դիցուք, ենթադրենք՝ հավաքվեց հոծ զանգված, թեեւ դա էլ է կասկածելի, եւ ասպատակեց Եկեղեցու դեմ, ի՞նչ է լինելու հետոն: Բանն այն է, որ եթե Վեհափառն ինքնակամ չլքի իր աթոռը, քաղաքական իշխանությունն անզոր է այդ հարցում։ Փաշինյանը որքան էլ արկածախնդիր է, սակայն դա հասկանում է եւ գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՄՆ-ում է, պաշտոնապես չի հաղորդվել այցի նպատակը, եւ չկան մանրամասներ, թե ինչու է մեկնել: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, բուժման է մեկնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շողակաթ» հոգևոր հեռուստաալիքի նախկին ռեժիսորի կինն իշխանական այն անձանց շարքում է, որոնք փորձում են ճնշումներ գործադրել եկեղեցու դեմ և հաճախ ԱԺ ամբիոնից հնչեցնում, որ պետք է փակել միակ կրոնական հեռուստաալիքը, հարկել եկեղեցուն։ Բացենք չակերտներն ու ասենք, թե հայտարարվածն ում մասին է։ Խոսքը «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու՝ Դավիթ Բանուչյանի մասին է, ով այժմ հանդիսանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը։ Նախորդ տարի՝ Կառավարության մայիսի 2-ի նիստում, ընդունվել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Որոշումից մեկ շաբաթ էլ չէր անցել, Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Բանուչյանը։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանի որդին։ Նշենք, որ նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաեւ վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոների հետ կապերի ստեղծման եւ կինոոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման եւ մի շարք այլ ոլորտային գործառույթները։ Հնարավոր է՝ հենց այս և այլ գործառույթների համար էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2025 թվականի հունվարի մեկից մինչև օգոստոսի 13-ը ՔՊ-ական Սոնա Ղազարյաի ամուսնու ղեկավարած հիմնադրամին հատկացվել է 379 մլն 707 հազար դրամ (մոտ 990 հազար ԱՄՆ դոլար), կնքվել է 17 դրամաշնորհի պայմանագիր։ Արդյոք սա շահերի բախում չէ՞, երբ ամուսինը կնոջ շնորհիվ պաշտոնի է նշանակվում և ստանում նման դրամաշնորհներ․․․ Հարց, որն ուղղված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։