copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 18-07-2025

100 առաջարկ, բայց հապշտապ որոշում․ Թոքմաջյանը՝ Շառլ Ազնավուրի արձանի մասին

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:

Քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանն ասաց, որ խորհրդանշական է այն հանգամանքը, որ ձուլման աշխատանքները կատարվել են Գյումրիում, ապա հավելեց. «Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ 1,5 տարի ընկերություն անել»:

Գաղտնիք չէ, որ արձանի մասին հանրության արձագանքը միանշանակ չէ։ Ուստի թեմայի վերաբերյալ զրուցեցինք քանդակագործ Հայկ Թոքմաջյան հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ դեռ չի տեսել Շառլ Ազնավուրի արձանը ամբողջությամբ պատրաստ վիճակում։

«Նոր է բացվել, ինչ-որ ֆոտոներով եմ տեսել։ Նաև տեսել եմ մրցույթի ժամանակ։ Մոտավորապես 100-ից ավել գործեր էին ներկայացված։ Լավ կլիներ, որ այդ գործերը գոնե մի քանի օր ցուցադրվեին, մարդիկ տեսնեին»,- ասաց Հայկ Թոքմաջյանը։

Նա հավելեց, որ քննարկումը, որը եղավ մրցույթի ընթացքում, շատ կարճ էր․

«Մի ժամ չտևած քննարկումից հետո որոշվեց, թե որն է լինելու հաղթողը։ Ինքս վատ չեմ վերաբերվում կոմպոզիցիոն մտածողությանը։ Ես ծանոթ եմ Դավիթի գործերին ու գիտեմ՝ հետաքրքիր կարող է լինել։ Բայց խնդիրը դա չէր։ Խնդիրը զուտ մրցույթի կազմակերպման մոտեցումն էր։ Շատ լավ գործեր կային, նույնիսկ ծայրահեղ պրիմիտիվից մինչև բարձրակարգ։ Դրանք կարելի էր ցուցադրել։ Բայց որոշումը շատ արագ կայացվեց»,- նկատեց նա։

Քանդակագործն ընդգծեց նաև ընդհանուր մոտեցման խնդիրները․

«Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնեմ՝ ինչո՞ւ են անում մրցույթ, եթե արդեն որոշել են՝ ում են վստահում։ Գտել եք լավ քանդակագործի՝ պատվիրեք։ Ինչո՞ւ են հավաքում այսքան շատ գործեր, հետո արագ որոշում»,- ասաց նա։

Oragir.News-ի խնդրանքով՝ Հայկ Թոքմաջյանն անդրադարձավ նաև քանդակի ոճին․

«Ինձ համար էլ դժվար է լիարժեք կարծիք ասել՝ առանց տեսնելու, բայց գիտեմ՝ հեղինակն աշխատանքին լրջորեն է մոտենում։ Շատ բարդ ստեղծագործական աշխատանք է։ Ինքն իր ոճի մեջ է ստեղծում՝ ծավալային մտածողությամբ ու զգացողությամբ։ Բայց այո, արձանները քաղաքի հոգեբանական մթնոլորտ են փոխում»։

Քանդակագործը նկատեց, որ վերջին տարիներին արձանների ընտրության հարցում որոշ փոփոխություններ կան, ընդգծեց, որ արձաններն ու միջավայրը պետք է համապատասխանեն ժամանակին։

«Պետք է հասկանանք՝ նյութականության, ծավալայնության, քաղաքաշինական հարմարվողականության մեջ ինչպե՞ս է արձանը ներգրավվում։ Այն պետք է դառնա միջավայրի հավաքող ուժ, կլանի ու միավորի ծավալները, լինի գեղեցիկ դինամիկայի մեջ»,- ասաց նա։

Հայկ Թոքմաջյանն անդրադարձավ նաև քանդակագործության և ճարտարապետության ժամանակակից ուղղություններին։

«Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ժամանակակից ճարտարապետությունն էլ թեթև է։ Նայում եմ՝ նորից ծանրություն է։ Փայլուն ապակիները ոչինչ չեն փոխում։ Եվ այս ամենի մեջ քանդակը հայտնվում է նույն շտամպի մեջ՝ միևնույն տիպի ծավալային լուծումներով։ Սա էլ ավելի է խորացնում խնդիրը։ Երբ քառակուսու կողքին նորից նույնքան քառակուսի ու անհետաքրքիր բան է դրվում՝ իրավիճակն ավելի վատ է դառնում։

Պետք է հասնել նրան, որ գոնե նորը դառնա հետաքրքիր։ Ոչ թե ծիծաղելի ու տարօրինակ, ինչպես շատ գործեր, որոնք արդեն ունեցել ենք։ Նորից կրկնեմ՝ Շառլ Ազնավուրի արձանի մասին չեմ կարող լիարժեք կարծիք հայտնել, բայց հարգելով հեղինակին՝ գիտեմ նրա որակյալ գործերը։ Կան, որ շատ եմ հավանում, կան, որ՝ ոչ այնքան։ Ինչպես նաև՝ իմ գործերի մասին։ Շատ նորմալ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը