Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը քաղաքական նպատակ է հետապնդում։ Ընդդիմախոսներն այն որակում են կոնկրետ խլում: Վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե աշխարհում ընդամենը մի քանի երկրում են էներգետիկ բաշխման ցանցերը պետական սեփականություն։ Այս հայտարարությունն ակնհայտ փորձ էր ցույց տալու, թե Հայաստանի էներգետիկ համակարգի մասնավոր լինելը բնական և լայնորեն կիրառվող մոդել է միջազգային պրակտիկայում։
Սակայն համաշխարհային փորձը, պաշտոնական և հեղինակավոր աղբյուրները վկայում են՝ իրական պատկերը շատ ավելի բազմաշերտ է, և էներգետիկ բաշխման պետական մոդելն առկա է բազմաթիվ երկրներում։ Իսկ մասնավոր մենաշնորհը մի մարդու ձեռքում եզակի դեպք է։ Հայաստանը նաև միակ երկիրն է, որտեղ բաշխիչ ցանցերը կենտրոնացած են մի հոգու ձեռքում, ով ունի այլ երկրի քաղաքացիություն։
Oragir.News-ը հավաքել է փաստեր աշխարհում բաշխիչ ցանցերի սեփականության վերաբերյալ։ Պարզվել է՝ պետական կարգավիճակը բացառիկ երևույթ չէ։
Ֆրանսիայում էներգետիկ բաշխման մեծ մասն իրականացնում է Enedis ընկերությունը, որը պատկանում է պետական EDF-ին (Electricité de France)։ Enedis-ը սպասարկում է ավելի քան 95% սպառողներին։ Սա հաստատված է Enedis-ի և EDF-ի պաշտոնական տարեկան հաշվետվություններով (enedis.fr, edf.fr)։
Իտալիայի բաշխիչ ցանցերը գերակշռաբար վերահսկում է e-Distribuzione ընկերությունը, որը պատկանում է Enel-ին։ Իտալիայի կառավարությունը շարունակում է ունենալ ավելի քան 23% բաժնետոմս Enel-ում՝ պահելով զգալի ազդեցություն (Enel-ի պաշտոնական տվյալները՝ enel.com)։
Գերմանիայում բաշխման ցանցերը խիստ բազմազան սեփականության են։ Շատ քաղաքներում կոմունալ կազմակերպությունները (օրինակ՝ Stadtwerke München) պատկանում են ամբողջությամբ տեղական ինքնակառավարմանը։ Միևնույն ժամանակ գործում են մասնավոր ընկերություններ՝ E.ON, RWE, EnBW, սակայն դրանք հաճախ խառը սեփականության են՝ համայնքների, ներդրումային ֆոնդերի, մասնավոր բաժնետերերի մասնակցությամբ։ Այս պատկերը հստակ ներկայացված է Գերմանիայի Bundesnetzagentur-ի հաշվետվություններում (bundesnetzagentur.de)։
Իսպանիայում էլեկտրաէներգիայի բաշխման մեծ մասը իրականացնում են մասնավոր ընկերություններ՝ Iberdrola և Endesa, սակայն որոշ ինքնավար համայնքներում պահպանվել են տեղական պետական կամ կոոպերատիվ օպերատորներ (cnmc.es)։
Պորտուգալիայում EDP Distribuição-ն երկար տարիներ եղել է պետական ընկերություն, և մասնավորեցման գործընթացից հետո կառավարությունը պահպանում է որոշակի վերահսկողություն ոլորտի ռազմավարական հարցերի նկատմամբ (edp.com)։
Շվեդիայում հիմնական բաշխիչներից մեկը՝ Vattenfall Eldistribution, պատկանում է պետական Vattenfall-ին։
Նորվեգիայում էլ բաշխման ցանցերի մեծ մասը տնօրինվում է տեղական կամ համայնքային կառույցների կողմից։ Այս տեղեկատվությունը մատուցված է ազգային կարգավորիչների հաշվետվություններում՝ vattenfall.com և նորվեգական էներգետիկ հանձնաժողովի կայքում։
Ֆինլանդիայի խոշորագույն բաշխիչը՝ Caruna Networks-ը, համատեղ սեփականություն է մի քանի մասնավոր ներդրումային ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչը դարձնում է ոլորտը խառը սեփականության մոդել (caruna.fi)։
Չինաստանում բաշխումը վերահսկվում է ամբողջությամբ պետական երկու հսկաների՝ State Grid Corporation of China և China Southern Power Grid կողմից (sgcc.com.cn)։
Հարավային Կորեայում պետական KEPCO ընկերությունն է տրամադրում էլեկտրաէներգիայի բաշխում (kepco.co.kr)։
Իրաքում, Իրանում, Ալժիրում, Սաուդյան Արաբիայում՝ բաշխման ցանցերը ամբողջությամբ պետական կառույցների վերահսկողության ներքո են (iea.org)։
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ վերոնշյալ բոլոր պետություններում բաշխիչ ցանցերը համարվում են պետական սեփականություն, սակայն մասնավոր սեփականության դեպքերը ընդամենը 4-ն են՝ անգլոսաքսոն աշխարհում միայն։
ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում բաշխիչ ցանցերը պատկանում են մասնավոր ընկերություններին կամ խառը կառուցվածք ունեն, սակայն նույնիսկ այստեղ գործում են պետական կամ համայնքային օպերատորներ որոշ շրջաններում։
Օրինակ՝ ԱՄՆ-ում FERC-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս մասնավոր ու համայնքային բաշխիչների լայն ցանցը (ferc.gov)։
Հիշեցնենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը 2000-ականներին վաճառվեցին Ռուսաստանին։ Իսկ 2015-ին «Էլեկտրիկ Երևան» շարժման արդյունքում մասնավորացվեցին, այսինքն՝ ՌԴ-ն այն վաճառեց։ Ներկայումս այն ՌԴ քաղաքացի, ծագումով հայ, միլարդատեր Սամվել Կարապետյանի սեփականությունն է։ Հայաստանը եզակի օրինակ է, քանի որ ամբողջ բաշխիչ համակարգը գտնվում է մեկ անձի վերահսկողության ներքո՝ առանց պետության համատեղ կառավարման (psrc.am)։
Այսպիսով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ բաշխման ոլորտում գոյություն ունեն տարբեր մոդելներ՝ ամբողջովին պետական համակարգերից մինչև մասնավոր կամ խառը մոդելներ։ Բայց միանձնյա մասնավոր մենաշնորհ՝ մեկ անձի ձեռքում, գրեթե բացառիկ դեպք է, ինչպես Հայաստանի պարագայում։ Ուստի՝ հայտարարությունը, թե «աշխարհում ընդամենը մի քանի երկրում են պետական բաշխիչ ցանցեր», ոչ միայն փաստացի սխալ է, այլ նաև մոլորեցնող։ Միևնույն ժամանակ, խիստ կասկածելի է, որ քաղաքական նպատակների քողի տակ ՀԷՑ-ի ազգայնացումը կարող է նպաստել էներգետիկ ոլորտի բարեփոխումներին՝ մատակարարման որակի բարձրացմանը, հավելագրումների կրճատմանը, սակագնի նվազեցմանը, համակարգի արդիականացմանը և այլն։ Այս առումով՝ ցանկալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի հանիրավի հետապնդումների ու ՀԷՑ-ը խլելու ռսիկային ծրագրերի դեմ արդարացի պայքարի մասնակիցները չտարածեն չճշտված տեղեկություններ, այլ հանդես կան փաստարկներով ու հիմնավորված պնդումներով։
Ք․ ՍահակյանՀ.Գ.: Հրապարակումից մի քանի օր անց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Oragir.News-ի ֆեյսբուքյան էջին է ուղարկել նամակ-պարզաբանում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:
Նարեկ Կարապետյանի նամակը՝
այստեղ: