Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Խուդաթյանի, նրա կնոջ՝ Աշխեն Խաչատրյանի և ծնողների՝ Հովհաննես Խուդատյանի և Հեղնար Մելքոնյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարար նշանակվեց 2024-ի նոյեմբերի 21-ին, երբ նախորդ նախարարը` Գնել Սանոսյանը Նիկոլ Փաշինյանից SMS-ստանալուց հետո ազատվել էր աշխատանքից։ Նախքան նախարար նշանակվելը Խուդաթյանը 2018-2024 թվականներին զբաղեցրել է Արմավիրի համայնքապետի, 2024-ի հունվարից էլ Արմավիրի մարզպետի պաշտոնները։Որպես անշարժ գույք՝
Դավիթ Խուդաթյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նա գնել է 2019 թվականի դեկտեմբերի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա տարեսկզբին նա չէր հայտարարագրել, սակայն 2024-ի սեպտեմբերի 13-ին նա 8 մլն 500 հազար դրամով նա գնել է 2020 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ ոմն Արթուր Մելիքսեթյանից։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Խուդաթյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 951․427 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 790 հազար դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 4 մլն 100 հազար դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Դավիթ Խուդաթյանի եկամուտները կազմել են 16 մլն 700․001 դրամ, որից 11 մլն 995․148 դրամն Արմավիրի մարզպետարանից, 1 մլն 107․412 դրամը՝ Արմավիրի համայնքապետարանից, 3 մլն 597․441 դրամն էլ՝ ՏԿԵ նախարարությունից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87․722 դրամ։
Խուդաթյանի կինը՝
Աշխեն Խաչատրյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ համատեղ սեփականությամբ, իսկ շարժական գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 հազար դրամ, տարեվերջին՝ 100 հազար դրամ։ Վերջինս ունեցել է նաև 800 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 1 մլն 300 հազար դրամ։
Հաշվետու տարում Աշխեն Խաչատրյանի եկամուտը կազմել է 3 մլն 872․686 դրամ, որը Մաստեր ՄԵԴ ԲԿ-ից ստացած աշխատավարձն է։
Պաշտոնյայի հայրը՝ Հովհաննես Խուդատյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 12-ին։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Հովհաննես Խուդատյանի բանկային հաշիվներին տաերսկզբին եղել է 118 հազար դրամ, տարեվերջին՝ 265 հազար դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 2 մլն 869․548 դրամ, որը Հայփոստից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 534․500 դրամ։
Պաշտոնյայի մայրը՝ Հեղնար Մելքոնյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որը նա ժառանգություն է ստաացել 2019 թվականի մարտի 1-ին։ Բացի այդ, նա 2024-ի հունիսի 1-ին Արմավիր համայնքում գտնվող մի հողամաս է ժառանգություն ստացել՝ Ֆրունզե Մելքոնյանից։ Տարեվերջին բնակարանը և հողամասը պահպանվել են։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև կանխիկ և անկանխիկ միջոցներ Հեղնար Մելքոնյանը չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում Հեղնար Մելքոնյանի եկամուտները կազմել են 1 մլն 824․227 դրամ, որից 1 մլն 386․227 դրամը ԿԳՄՍՆ Արմավիրի պետական ինդուստիալ-մանկավարժական և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներից ստացած աշխատավարձն է, իսկ 438 հազար դրամը ԿԳՄՍՆ-ից ստացած այլ եկամուտը։