Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 15-05-2025

Վերին Արտաշատում 15 բնակիչ դիմել է վնասի փոխհատուցման համար. Աշոտ Ղազարյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հրապարակած տեսանյութերից պարզ էր դառնում, որ մայիսի 13-ին ուժեղ տեղատարափի հետևանքով մեծ վնասներ են կրել Արարատի մարզի մի շարք գյուղեր՝ հատկապես Նորաշենն ու Վերին Արտաշատը։

Oragir.News-ը մանրամասներ պարզելու նպատակով զրուցեց նշված գյուղերի վարչական ղեկավարների հետ։

Վերին Արտաշատի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ գյուղը զգալի վնասներ է կրել.

«Մոտ 15 բնակիչ արդեն դիմել է փոխհատուցում ստանալու նպատակով։ Առայժմ ոչ մի վնաս գնահատված չէ։ Սելավատարով ծառերի ճյուղեր, պլաստմասե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և այլ աղբ ամբողջությամբ լցվել են այգիների մեջ։ Այժմ մաքրման աշխատանքներ սկսելն անհնար է՝ ցեխի և տիղմի պատճառով։ Պետք է գոնե մի փոքր չորանա, որ հնարավոր լինի ներս մտնել։ Մոտավորապես 10 հա տարածք ամբողջությամբ լցված է աղբով»։

Ղազարյանի խոսքով՝ նման իրավիճակներից կարելի է խուսափել, եթե սելավատարները պարբերաբար՝ գոնե մի քանի տարին մեկ, մաքրվեն։ «Եթե դրանք ժամանակին մաքրվեն, նման աղետներից կխուսափենք»,- նշեց նա։

Նորաշենի վարչական ղեկավար Էդուարդ Չոբանյանը նշեց, որ իրենց համայնքում վնասները նվազագույն են եղել՝ լավ աշխատող սելավատար համակարգի և հակակարկտային կայանների շնորհիվ.

«Սարերից հալվող ձյունն ու ուժեղ անձրևաջրերը լցվել են գետերը, բայց սելավատարներն իրենց գործը լավ են կատարել։ Ջրհեղեղ, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, վնաս չի արձանագրվել»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Արտաշատ համայնքի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանի հետ, ով հայտնեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է վնասների գնահատմամբ.

«Համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա՝ իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, սակայն, քանի որ դեպքը նոր է տեղի ունեցել, վերջնական գնահատական դեռ չկա»։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ վնասների գնահատմամբ զբաղվում են համայնքապետարանների կողմից ձևավորված հանձնաժողովները, որոնք գործում են Տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո։

«Հանձնաժողովները տեղում ուսումնասիրում են վնասների ծավալը և միայն այնուհետև ներկայացնում համապատասխան նախարարություններին։ Ամբողջական պատկերը դեռ հասանելի չէ, քանի որ աղետը նոր է գրանցվել»,նշեց ԷՆ մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան