copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:09 14-05-2025

ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստան. ինչ է սա նշանակում

Վերջին ամիսներին տարածված տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները ծրագրում է ժամանակավորապես տեղափոխել ռազմական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ Գերմանիայից Հայաստան՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով։

Համաձայն ռուսական պետական RT լրատվականի և ԱՄՆ պետական գնումների պաշտոնական հարթակի՝ sam.gov-ի տեղափոխումը կիրականացվի գերմանական Դյուլմեն ռազմաբազայից Հայաստանի «Զառ» հրաձգարան, ինչպես նաև Արմավիրի ուսումնական կենտրոն։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորում՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և բեռնարկղեր։

Տեղափոխությունն իրականացվելու է Վրաստանի տարածքով՝ հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ կրկին Գերմանիա տեղափոխությունը՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը։

Ինչո՞ւ է սա կարևոր. Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունն ակտիվացել է վերջին տարիներին։ 2024 թվականին արդեն իսկ տեղի էին ունեցել «Eagle Partner» անվամբ համատեղ զորավարժություններ։

Իսկ 2025 թ. հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության հուշագիրը ամրապնդեց երկու երկրների ռազմական, տնտեսական և քաղաքական կապերը։

Նոր տեղեկությունները փաստացի ցույց են տալիս, որ համագործակցությունն անցում է կատարում դեպի տեխնիկական և գործնական հարթակ։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք սա նշանակում է ռազմավարական շրջադարձ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Քաղաքական որոշ շրջանակներում անհանգստացած են տեղի ունեցողի առնչությամբ, քանի որ վախենում են, որ Հայաստանը կվերածվի Ուկրաինայի։

Մի խումբ ռուսամետ քաղաքական շրջանակներ էլ պնդում են, որ սա չի ապահովելու անվտանգությունը Հայաստանում ու տանելու է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման։

Արդյո՞ք սա ազդանշան է ռուսական ռազմաբազան հանելու մասին: Հայաստանում ներկայումս տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում, որը պատմականորեն համարվել է ՀՀ անվտանգային համակարգի առանցքային բաղադրիչներից։ Սակայն 2020-ի պատերազմից հետո և մասնավորապես 2022-2023 թթ․ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին, Մոսկվայի դերը Հայաստանի անվտանգային հարցերում միանշանակ չէ։

Այս համատեքստում ամերիկյան տեխնիկայի և զորքերի ներկայությունը, նույնիսկ եթե ժամանակավոր է, կարող է ընկալվել որպես հավասարակշռման փորձ կամ նույնիսկ Մոսկվայի նկատմամբ «փափուկ» ճնշման միջոց։

Սակայն այս պահին որևէ պաշտոնական հայտարարությունչկա ռուսական ռազմաբազան հանելու կամ ԱՄՆ մշտական ռազմական ներկայությունը հաստատելու մասին։ Ավելին՝ փաստաթղթերը հստակ մատնանշում են տեխնիկայի վերադարձի ժամկետը Գերմանիա, ինչը խոսում է դրա ժամանակավոր բնույթի մասին։

Այս իրավիճակը կարելի է բնութագրել որպես Հայաստանի կողմից դիվերսիֆիկացիայի փորձ՝ ավելացնելով համագործակցությունը արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի հետ՝ առանց կտրուկ քայլերի դեպի ռուսական ներկայության մերժում։

Սա որոշ առումով պարտադրված գործընթաց է՝ պայմանավորված անվտանգության պահանջներով, սահմանային սպառնալիքներով և Մոսկվայի նկատմամբ վստահության կորստով։

Որպես արդյունք՝ տեսանելի է արևմտյան ուժերի փորձը՝ ձևավորել ավելի շոշափելի ներկայություն Հայաստանում՝ համատեղ զորավարժությունների, տեխնիկական աջակցության և զինված ուժերի բարեփոխումների միջոցով։

Այս զարգացումը միանշանակ շրջադարձ չէ, այլ ավելի շատ ազդակ, որ Հայաստանը փնտրում է այլընտրանքային և բազմավեկտոր անվտանգության գործընկերներ։

Թե որքան հեռուն կգնա այս համագործակցությունը և ինչպիսի արդյունքներ կբերի, կախված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական գործոններից։

Կից տեղադրում ենք ինֆորմացիան՝ ըստ ամերիկյան գնումների կայքի:

Ք․ Սահակյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ