Ներքին Հայ դավաճաններ Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 13-04-2025

Հայ դավաճաններ. Մելիք Ֆռանգյուլի ստորացուցիչ մահն ու լքված գերեզմանը Արծվանիկում

1722-ից 1730 թվականներին Սյունիքում սկսված ազատագրական պայքարի ղեկավար Դավիթ Բեկը Սյունիք հասնելով առաջին հերթին սկսում է պայքար մղել Սյունիքում գտնվող հայ դավաճանների դեմ: Դավաճան Մելիք Բաղըրին սպանելուց հետո Դավիթ Բեկը պայքար է մղում մեկ այլ հայ դավաճանի՝ Արծվանիկի մելիք Ֆռանգյուլի դեմ: Պատմաբան Լեոն Մելիք Ֆռանգյուլի և պատերազմում վերջինիս դավաճանության մասին գրում է. «Սա, կարծելով, թե Դավիթ Բեկի ձեռքով պիտի զրկվի իր իշխանությունից, հոգով ու մարմնով նվիրվեց թուրքերին: Նրա սարքած մի թակարդի մեջ ընկավ հայ նշանավոր զորագլուխներից մեկը, Չավնդուրի Թորոս իշխանը: Բարգուշատի Ֆաթալի խանը շատ էր ընդհարվել հայերի հետ, բայց միշտ ջարդ էր կերել: Դավաճան հայ մելիքը խոսք կապեց նրա հետ, բայց արտաքուստ հավատարմություն ցույց տվեց Թորոս իշխանին և սրա հետ պատերազմի դուրս եկավ Ֆաթալի խանի դեմ: Կռիվը հաջող էր հայերի համար:

Ոգևորվելով իրենց հաղթությամբ, նրանք սկսեցին հալածել թուրքերին, բայց թուրքերի փախուստը մի թակարդ էր: Նրանք հանկարծ հետ դարձան և հարձակվեցան հայերի վրա: Այդ ժամանակ Ֆրանգյուլն էլ ետևից հարձակվեց իր զորքով: Հայերը ընկան երկու կրակի մեջ, ջարդվեցան, գերիներ տվին: Ինքը, Թորոսը, հերոսաբար ընկավ պատերազմի մեջ և Չավնդուրի ուժը ոչնչացավ: Իսկ Ֆրանգյուլը, խանին ավելի ևս հաճոյանալու համար, մահմեդականություն ընդունեց»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5, Երևան, 1986, էջ 478):

Դավիթ Բեկը լսելով Թորոս իշխանի մահվան մասին, հրամայում է վրեժ լուծել: Գերեվարությունից վերադարձած Ստեփանոս իշխանն իր 6 զինակիցների հետ առնում է Մելիք Ֆռանգյուլի դավաճանության վրեժը. «Մի քիչ հետո Մելիք Ֆռանգյուլը ջորին նստած իջնում է վանքից: Ստեփան-իշխանը արձակում է հրացանը և սպանում դավաճան մելիքին: Ջորին խրտնում է և փախչում, բավական տեղ քաշ տալով վայր ընկած մելիքին, որի ոտը մնացել էր ասպանդակի մեջ: Հետո Ստեփան-իշխանը հրամայում է յուր ծառաներին, որ քաշ տան ձգեն մելիքի մարմինը ներքին ձորը և գնան ասեն գյուղացիներին, թե եկեք տարեք ձեր մելիքին, ձեր դատաստանը անե: Միևնույն ժամանակ Ստեփան-իշխանի ծառաները բռնել էին մելիք Ֆռանգյուլին հետևող գզրին, պառկեցրել, գլուխը դրել մի քարի վրա և մի ահագին քար ձգելով վրան ջախջախել էին»: (Երվանդ Լալայան, «Զանգեզուրի գավառ», Ազգագրական հանդես, 1904, գիրք XII, էջ 195):

Մելիք Ֆռանգյուլը մահվանից հետո ևս հանգիստ չի ունենում, նա թաղվում է բոլորից հեռու և մինչ օրս հանգիստ չունի անգամ դավաճանի շիրիմը. «Ժողովրդական ավանդությունն ասում է, թե մելիք Ֆռանգյուլն իր մահից հետո չարժանացավ հասարակաց գերեզմանատան անգամ և նրան թաղեցին հեռու այդ գերեզմանատանից: Մինչև այսօր էլ ժողովուրդն իր նախատական ցույցերով որոշված է պահում դավաճանի գերեզմանը. Անցնողը կամ թքում է նրա վրա կամ մի քար է շպրտում նրա վրա։ «Ժամանակ անցնելուց հետո, պատմում է ժողովուրդը, մելիք Քարամը գալիս է Արծվանիկ գյուղը և կամենում է հանել մելիք Ֆռանգյուլի ոսկորները և շների առաջ ձգել, սակայն գյուղացիներն ասում են, թե գերեզմանատնից հեռու ենք գոռել, մեկ էլ շան հոտը վեր մի հանիր»: (Նույն տեղում՝ էջ 194): Այսպես Դավիթ Բեկը սպանել կարգադրեց հայ դավաճան մելիք Ֆռանգյուլին:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան