copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:23 07-04-2025

Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով օրեր առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը, գրառմամբ տեղեկացրել է, որ այսուհետ լիարժեք լծվելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքները կազմակերպելուն։

«Հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ:

Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվել Միության ամբողջական աշխատանքներին:

Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։

Մեր նպատակներն են լինելու հասնել`

– 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,

– Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,

– 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:

Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական, թե ֆինանսական:

Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։ Շնորհակալություն ուշադրության համար։

հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան Նավակ Ճոճողը»։