Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:15 03-04-2025

ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։

Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։

«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։

Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:

«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․
«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։
Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։

«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ»,- նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։

EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։

Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին