Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 15-03-2025

Կաթողիկոսն ընդունել է Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։

Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։

Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»