Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 24-02-2025

Oragir.News-ի հոդվածից հետո հրապարակվել են Ալեն Սիմոնյանի Իտալիա կատարած այցի մանրամասները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Ավարտվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակության այցը Իտալիա։ Խորհրդարանականները Հռոմում էին փետրվարի 19-23-ը՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Oragir.News-ը դեռևս փետրվարի 18-ին ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հետաքրքրվել էր, թե որքան է կազմել 11 անձից բաղկացած այս պատվիրակության գործուղման բյուջեն։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրել էին, որ այս պահին հայտնի է միայն պատվիրակության անդամներին տրամադրվող օրապահիկի և գիշերվարձի գումարները, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ գործուղղման ամբողջական բյուջեն հայտնի կլինի միայն դրա ավարտից հետո։

Oragir.News-ը հայտնել էր, որ միայն օրապահիկի և գիշերվարձի համար պատվիրակության անդամներին վճարվել է 12․672 եվրո։ Մեր ընթերցողներին խոստացել էինք նաև, որ թեման պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և այցի ավարտից գրավոր հարցմամբ ԱԺ-ից հետաքրքրվելու ու մեր ընթերցողներին ներկայացնելու ենք, թե որքան է կազմել գործուղման ընդհանուր բյուջեն, որպեսզի հանրությունը ևս իրազեկվի, թե իր վճարած հարկերից գոյացած միջոցներից որքա՞ն գումար է ծախսվել այս նպատակով և ամենակարևորը՝ որքանո՞վ է այցն արդյունավետ եղել։

Արդեն երեկ՝ այցի ավարտի օրը, Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 8 րոպե 49 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ ներկայացվում է այցի օրակարգը, կայացած հանդիպումները և այլն։ Դատելով հրապարակված տեսանյութից՝ հայ խորհրդարանականների այցից տպավորություն ենք ստանում, որ այն իսկապես եղել է հագեցած, իսկ հանդիպումների արդյունավետության մասին կարող ենք դատել ավելի ուշ։ Ըստ հրապարակված տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, հանդիպում է ունեցել Իտալիայի պատգամավորների պալատի նախագահի հետ, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող մոնիթորինգի խմբի անդամ Պիերո Ֆասինիոյի հետ, հայկական պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի և Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև մասնակցել Իտալիայի Սենատի եվրամիության քաղաքականությունների հանձնաժողովի Հայաստանին նվիրված լսումներին։

Կարծում ենք, որ ԱԺ ֆեյբուքյան էջում Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակության այցի վերաբերյալ նման հաշվետու տեսանյութ է հրապարակվել, քանի որ Oragir.News-ը ներկայացրել էր պատվիրակության անդամներին գիշերակացի ու օրապահիկի ծախսերը, խոստացել, որ կհրապարակի նաև ամբողջական բյուջեն։

Բնականաբար ողջունելի է, որ մեր հրապարակումից հետո քաղաքական իշխանությունը նման հաշվետվողականություն, ինչու ոչ՝ հաշվետվողականության մաստեր կլաս է ցուցաբերում, ուստի ակնկալում ենք, որ նույն հաշվետվողականությունը կցուցաբերվի այցի արդյունքների մասով․ օրինակ Սիմոնյանն իտալացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել էր Բաքվում պահվող հայ ռազամագերիների խնդրին, կարևորել նրանց հայրենադարձումը։ Հայ հանրությանը հաստատապես կհետաքրքրի, թե իտալացի խորհդարանականներն ինչ դիրքորոշում են հայտնել այս կապակցությամբ, որևէ հանձնառություն ստանձնե՞լ են, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանը հրապարակված տեսանյութում մեզ չհաջողվեց գտնել։

Հասկանալու համար, թե որքան է կազմել Իտալիա այցի ամբողջական բյուջեն՝ Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Ազգային ժողով, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակի։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին