Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, նախընտրական եռուզեռ է։ Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Թեկնածուներն ու քաղաքական ուժերը բազմազան են, օր օրի ավելանում են անունները, ովքեր հավակնում են Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներից շատերը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ռեալ մրցակից են, ինչը չի կարող չանհանգստացնել ՔՊ-ականներին։
Նրանց անհանգստությունների մասին խոսում են, իրենց գրառումները, որոնք այս յոթ տարիների ընթացքում բովանդակային իմաստով չփոխվեցին։
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը թեկնածության հայտ ներկայացրած պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի մասին իր սոցցանցի էջում գրել է.
«Փաստորեն Սերժ Սարգսյանն ու նրա բազմաչարչար փեսան ապօրինի գույքի բռնագանձման դատերի արանքում գցել-բռնել, գցել-բռնել, մի անգամ էլ գցել ու չեն բռնել և որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու են դրել հասարակ ծաղրածուի։
Հենց «լրջության» այս մակարդակով էլ Սերժը վերաբերվել է Գյումրուն ու գյումրեցուն և ամեն անգամ էլ դրա պատասխանը ստացել է»:
Ֆեյսբուքյան փոխհրաձգությունը այսքանով չի ավարտվում, հետո մանր տրամաչափի ՔՊ-ական չինովնիկները սկսեցին որակումներ և անձնական վիրավորանքներ գրել Մխիթարյանի հասցեին։
ՔՊ-ականների տեսադաշտում էին նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Իշխող ուժը, թիրախավորելով թեկնածուներին, տպավորություն է ստեղծում, որ պայքարը իրենց և նախկին իշխանության ներկայացուցիչների միջև է լինելու։
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապելուց հետո նրան մեղադրում են ջեբկիրության մեջ։
Բանն այն է, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ստեղծել է հեշթեգ #ՄԵՐ_ՌՈՒԲՈՆ_Է, Մխիթարյանի հեշթեգին մի քիչ նման հեշթեգ ՔՊ-ական թեկնածու, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի էջում հայտնվեց #Մեր_Սարիկը։
Գյումրիի ՔՊ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը գրառումով հայտնում է, որ իրենց գաղափարը գողացել են և ավելացրել, որ ջեբկիրը մնում է ջեբկիր։
«Ջեբկիրը մնում է ջեբկիր: Փետրվարի 10-ին մեր թիմը հաստատում է նախնական պաստառների սլոգանը և դիզայնը:
Փետրվարի 17-ին նյութը մտնում է տպարան:
Փետրվարի 18-ին դուրս է գալիս տպարանից և հասնում Գյումրի: Նույն օրը Գյումրիում մի #ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում:
Մի երկու դատարկագլուխ էլ սկսում են դամ պահել ու #ջեբկիրին զոհ ներկայացնել»:
Ռուբեն Մխիթարյանի մամուլի պատասխանատու Լիլիթ Հարությունյանն էլ գրել է.
«Ռուբեն Մխիթարյանը նաև կրեատիվության դասեր է տալիս ՔՊ-ին: Արդեն հասցրին Ռուբեն Մխիթարյանի հեշթեգը գողանալ։
#ՄերՌուբոնԷ»:
Հիմա ամենամեծ հարցը այն չէ, թե ումից է գաղափար գողանում, այլ հարց է, թե ինչու են անհանգիստ ՔՊ-ականները։
Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշտապես բախվում է այս նույն խնդրին` գաղափար գողանալու։
Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ իշխանությունը որոշել էր գնալ Սահմանադրական փոփոխությունների, այդ ժամանակ էլ «Այո» քարոզարշավի լոգոն, նման էր նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին:

Նման խնդիր եղավ նաև 2023 թվականի Երևանի ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ՔՊ-ն գողացել է իրենց նախընտրական տեսահոլովակը։