Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:43 12-02-2025

Պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից. Փաշինյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը շրջանառության հարկի փոփոխությունների համատեքստում հարց հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հայեցակարգային պատասխան։

Փաշինյանն ասաց, թե ըստ վիճակագրության՝ շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն, այսինքն՝ ստացվում է, որ օրը 27 հազար դրամի առևտուր են անում: Նշելով, որ ինքը տնտեսագետ չէ, հավելեց, որ երբ գործընկերներով հաշվարկում են, ստացվում է, որ այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն չունենային։

«Ինչքանո՞վ է սա ճիշտ... 1, 2, 3, 4, 5 տարի խնդրում ենք, ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք հեղափոխություն ենք արել, որ նաև բոլորս մեր հարկային պարտավորություններն իրականացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամեն դեպքում, նշեց, եթե տեսնեն, որ իրենց հաշվարկները սխալ են, չեն զլանա իրենց սխալն ընդունել։

Հունվարի 1-ից շրջանառության 5 տոկոս հարկը դարձել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Բացի այս, օրենքը դրել է նաև եղած ապրանքը գույքագրելու պահանջ:

Առևտրականներ, որ մի քանի անգամ ակցիա են արել կառավարության շենքի դիմաց, ասում են՝ թղթի վրա վատ չի հնչում, բայց իրականությունը լրիվ այլ է: Ըստ նրանց՝ գործադիրը հաշվի չի առել շատ հանգամանքներ. մարզում գործող խանութն, օրինակ, ցանկության դեպքում էլ ձեռքբերման փաստաթղթեր չի կարող ներկայացնել, իսկ հարկային բեռը կրկնապատկելը շատ ծանր կլինի իրենց համար:

Ինչ վերաբերում է դժգոհությանը, որ մեծ բիզնեսները փաստաթուղթ չեն տրամադրում, վարչապետն Ազգային ժողովում ասաց, որ իրենք ուզում են նաև իմանալ, թե ովքեր են այդ փաստաթուղթ չտրամադրողները։

«Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում