copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 17-01-2025

Վրաստանի շուկան ենք զարգացնում․ Հայաստանում դեղերի դեֆիցիտն ավելի է սրվելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը վերջին օրերին քաղաքացիներից ահազանգեր է ստանում առ այն, որ հանրապետության տարածքում հակացնցումային դեղերի լուրջ դեֆիցիտ է առաջացել։ Նման դեղորայքի կարիք ունեցող քաղաքացիները դիմել են նաև Առողջապահության նախարարություն, որտեղից խնդրին լուծում չեն տվել, տեղեկացրել են, որ համապատասխան դեղորայքը Հայաստանում կլինի միայն հունվարի 20-ից հետո՝ առաջարկելով սպասել։

Oragir.News-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը նշեց՝ շատ երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում է այս խնդիրը։ Ըստ նրա՝ այս պահին դեղերի գրանցման գործընթացը բավականին անհասկանալի է ու դրանում անհեստականորեն խնդիրներ են ստեղծվում։

«Ենթադրում եմ՝ եթե խոսքը հակացնցումային դեղորայքի մասին է, ապա գուցե գրանցման ժամկետը վերջացել է, ինչի արդյունքում անհրաժեշտ է նորից գրանցում անել, իսկ Հայաստանում դեղերի գրանցումն այնքան քաոսային են դարձրել, որ այն ոչ միայն ուշանում է, այլ՝ միջազգային լավագույն դեղ արտադրող ընկերություններն արդեն հրաժարվում են ՀՀ-ում գրանցվելուց ու իրենց դեղերն ունենալուց։ Այսինքն՝ նրանք դուրս են գալիս Հայաստանից, որի արդյունքում մենք զարգացնում ենք Վրաստանի շուկան, բոլոր դեղերը բերվում են Վրաստանից»,- ասաց նա։

Անուշ Պողոսյանը շեշտում է՝ այժմ դեղորայքային շուկայում կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել, որի պատասխանատուները քաղաքականություն մշակողներն են՝ Առողջապահության նախարարությունը և նրա ենթակայության ներքո գործող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը․ «Ընդհանրապես՝ քաղաքականություն մշակողներն են, որ պետք է անհանգստանան, որ Հայաստանում դեղորայքային շուկան այս վիճակում է։ Ավելին ասեմ․ շատ մոտ ապագայում Հայաստանում մի շարք դեղեր նույնպես կբացակայեն՝ գուցե կյանքի համար շաատ կարևոր դեղեր, որի պատճառը բացառապես իրենց ընդունած իրավական ակտերի արդյունքում ստեղծված անհասկանալի խոչընդոտներն են»։

Oragir.News-ի հարցին՝ իրավիճակը կարգավորելու կամ այն ինչ-որ չափով մեղմելու նպատակով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ Անուշ Պողոսյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է նախևառաջ դեղերի շուկան վերլուծել: Ըստ նրա՝ այն դեղորայքը, որը խիստ անհրաժեշտ է, սակայն դրա գրանցումը Հայաստանում այլևս չկա, պետք է հրատապության սկզբունքով ներմուծել, իսկ մնացածի դեպքում գրանցումները կատարել հեշտացված ընթացակարգով։

«Օրինակ՝ եթե դեղորայքը Հայաստանում 10 տարի առաջ գրանցվել է և այդ ֆորմուլան եղել է, այժմ, երբ գրանցումը վերջանում է, նոր ընթացակարգով պայմանավորված խնդիրներ են առաջանում։ Դեղ կա, որը ներկրողն ու արտադրողը 1 տարուց ավելի է՝ չեն կարողանում Հայաստանում գրանցել։ Արդյունքում մարդիկ հուսահատվում են՝ ասելով, որ ձեր շուկան առանց այդ էլ փոքր է, մեզ հետաքրքիր չէ դրանով զբաղվելը։ Այսինքն՝ պետք է մասնագետները զբաղվեն դրանով և լուրջ մոտենան այդ ամեն ինչին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին