Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:45 11-12-2024

Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերջնականապես կփակվի

Oragir.News-ի տեղեկություններով Լոռու մարզի Ալավերդի համայնքի պղնձաձուլական գործարանը հունվարի 1-ին վերջնականապես կփակվի։

Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը նախկինում կանգնեցրել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թվականի հոկտեմբերի 19-ին: Սակայն որոշակի փոփոխություններով գործարանը վերագործարկվել էր 2022 թվականին։

Վերագործարկումը կարևոր նշանակություն ունեցավ աշխատակիցների սոցիալական պայմանների ապահովման համար։
Բացի Ալավերդիի բնակիչներից, հարակից համայքնների բնակիչների համար ևս գործարանն աշխատատեղ է ապահովում, ինչը նաև կանխում է արտագնա աշխատանքի մեկնելը։
Փաստացի` գործարանի փակման հետևանքով բազում աշխատակիցներ հունվարի 1-ից կդառնան գործազուրկներ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապ հաստատեց «Վալլեքս» ընկերությունների խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ, որին պատկանում է պղնձաձուլական գործարանը։

Սակայն, ընկերության աշխատակիցը չհասցնելով նույնիսկ հարցն ամբողջությամբ լսել, հորդորեց մեր բոլոր հարցերն ուղարկել գրավոր հարցմամբ։

«Խնդրում եմ, գրավոր հարցմամբ ուղարկել ձեր հարցերը»,- ասաց նա։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ընկերությանը, պատասխանը լինելուն պես այն կհրապարակվի մեր կայքում։

Հիշեցնենք, որ «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը, 2018 թվականին գրավադրված են եղել ռուսական «ՎՏԲ» բանկում Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման շրջանակներում. հենց այդ ժամանակ էլ փակվել էր գործարանը։

Ամենից շատ դիտված