ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, գաղտնի է պահում 1 միլիոն դրամ վճարած և իր հետ ընթրած «հաջողակ տղամարդկանց» ամբողջական ցանկը։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամ, հետաքրքրվել, թե քանի՞ գործարար է մասնակցել հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին։
Ինչպե՞ս է հավաքվել 62 միլիոն դրամ, մասնակցիները 1 միլիոն դրամից ավելի՞ են վճարել, եղե՞լ են գործարարներ, որոնք գումարը փոխանցել են, բայց չեն ներկայացել։ «Իմ քայլը» հիմնադրամին խնդրել էինք հայտնել ընդհանուր 62 միլիոն դրամ փոխանցած գործարարների անունները։
Ի պատասխան մեր հարցմանը՝ «Իմ քայլը» հիմնդրամից պատասխանել են․
««Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագիծը, նախագծի շրջանակում կազմակերպված բարեգործական ընթրիքը և, ընդհանրապես, հիմնադրամի գործունեությունն ամենօրյա ռեժիմով լուսաբանվում է հիմնադրամի պաշտոնական կայքում։ Ողջ հասանելի տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ հետևելով հիմնադրամի կայքին և հիմնադրամի սոցիալական էջերին»։
«Իմ քայլը» հիմնադրամից ստում են, քանի որ հիմնադրամի կայքում որևէ տեղեկություն չկա ընթրիքի մանսակիցների ով լինելու մասին, ինչպես նաև չի նշվում, թե ինչպես է հավաքվել 62 միլիոն դրամը։
Սա փաստում է բոլոր այն պնդումները, որ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը թափանցիկ չի աշխատում։
Եթե անգամ այս տեղեկությունը բաց աղբյուրներով հասանելի լիներ, ապա «Իմ քայլը» հիմնադրամը պարտավոր էր հարգել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքն ու լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հավաքագրեր և պատշաճ ձևով տրամադրեր տեղեկատվությունը։
Ուշագրավ է, որ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 31-ին լրագրողներին սովորեցնում էր, թե ինչպես կարելի է ճիշտ ինֆորմացիա ստանալ՝ նախապես կամ ընթրիքից հետո կապ հաստատել հիմնադրամ և ամբողջական տեղեկատվություն ստանալ։ Փաստորեն Մխիթարյանը տեղյակ չէ, որ իրենց հիմնադրամում լրատվամիջոցներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու կարգը չգիտեն։ Գուցե Հայրապետյանը նրա՞նց դասեր տա, այլ ոչ թե լրագրողներին։
Վերադառնալով բուն ընթրիքին և հյուրերի ցանկին, տպավորություն է ստեղծվում, որ գործարարները ամաչում են իրենց անունները նշել և հատուկ խնդրել են, որ տիկինն այդ մասին չբարձրաձայնի։ Դրա վառ ապացույցն է նաև այն, որ շատ գործարարներ չէին էլ ներկայացել ընթրիքին, բավարարվել էին միայն գումարներ փոխանցելով։
Հաշվի առնելով, որ կին գործարարների հետ ընթրիքին մասնակցում էին գործարար Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը և բարեկամները, «Իմ քայլը» հիմնադրամից հատուկ հետաքրքրվել էինք, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը այս միջոցառման շրջանակներում գումար փոխանցե՞լ է հիմնադրամին։
Բնականաբար, այս հարցին ևս չեն պատասխանել։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ը օրերս
հրապարակել էր Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցած գործարարներից մի քանիսի անունները։