Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից, որոնք նշում են, որ առցանց ԱՊՊԱ-ն՝ ASWA համակարգը, չի աշխատում, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում։
Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ պարզելու՝ ինչու առցանց ԱՊՊԱ-ն 10 ամիս է՝ չի աշխատում։
Ի պատասխան մեր հարցման՝ Բյուրոյից տեղեկացնում են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հավելվածի աշխատանքի ընթացքում առաջացել է տեխնիկական խնդիր, որի մասին տեղեկանալուց անմիջապես հետո Բյուրոն դիմել է ԱՄՄՊ համակարգի տեխնիկական սպասարկումն ապահովող կազմակերպությանը՝ խնդրի լուծման նպատակով։
«Արդյունքում հիշյալ կազմակերպությունը համապատասխան բարելավումներ է իրականացրել (բարելավման գործընթացը շարունակական է), և ներկա պահին տեխնիկական խնդիրը կարգավորված է, և հնարավոր է սահուն կերպով համաձայնեցված հայտարարագիրը լրացնել ASWA բջջային հավելվածով։
Այնուամենայնիվ, հավելենք, որ հիշյալ տեխնիկական խնդրով հանդերձ վերոնշյալ ժամանակահատվածում ASWA բջջային հավելվածով հնարավոր է եղել գրանցել պատահարներ»,- հայտնում են Բյուրոյից, հավելելով, որ եղած տեխնիկակական խնդիրը անհնարին չի դարձրել գործընթացի իրականացումը։ Պարզապես վարորդի բջջային հեռախոսի էկրանին պատահարը բարեհաջող գրանցելու մասին հաղորդագրություն չի ցուցադրվել, սակայն այն գրանցվել է ԱՄՄՊ համակարգում։
Oragir.News-ի հարցին՝ ինչպես կարող են տարեցները օգտվել հավելվածից, եթե չունեն սմարտֆոններ կամ դրանից չեն կարողանում պատշաճ կերպով օգտվել՝ Բյորոյից պատասխանել են․
«Պատահարի գրանցման համար պարտադիր պայման չէ, որպեսզի գրանցումն իրականացվի կոնկրետ վարորդի և անգամ որևէ վարորդի հեռախոսի միջոցով։ Հետևաբար վարորդներից մեկի մոտ սմարտֆոնի բացակայության դեպքում համաձայնեցված հայտարարագիրը կարող է գրանցվել մյուս վարորդի կամ ցանկացած երրորդ անձի հեռախոսով։
Ավելին, ԱՊՊԱ համակարգում գործում է նաև համաձայնեցված հայտարարագրի թղթային եղանակով լրացման տարբերակը, ինչպես նաև պատահարը բոլոր դեպքերում կարող է գրանցվել նաև պարեկային ծառայության միջոցով»։
Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ավտոապահովագրական մեկ պատուհան համակարգը՝ ASWA, որը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՊԱ-ին առնչվող բոլոր գործողությունները միասնական առցանց համակարգում, գրեթե 10 ամիս է՝ խափանված է։