copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:11 09-10-2024

Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ

Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը:

Ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Գերմանիայի նախագահը նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար:

Բեռլինի «Հատուկ օլիմպիական խաղերին» մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ձեր տարածաշրջանի տարբեր իրողություններ և զարգացումներ: Ներկայումս էլ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և հակամարտություններ և այս տեսանկյունից Կայունության համաժողովը կարևոր բովանդակություն ունի՝ ավելի խաղաղ ու զարգացող աշխարհ ունենալու համար:
Պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով և տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է: Հուսով եմ նաև, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է.

«Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար:

Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր:

Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում:
Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա է երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ:

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ