copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:00 20-08-2024

Աշխատանքից ազատվելս դարձավ «հայոց հարցը». Տիգրան Հեքեքյանը պնդում է՝ ինքնակամ է հեռացել

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն օրերս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քաղաքային իշխանությունները Հեքեքյանի նկատմամբ ճնշումներ են գործադրել, որպեսզի վերջինս աշխատանքից ազատման դիմում գրի, իսկ պատճառը նրա դիրքորոշումներն ու քայլերն են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

Oragir.News-ը կապ հաստատեց Տիգրան Հեքեքյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկությունները և նշեց, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել լիազորություններս, դադարեցրել եմ։ Դրա համար ես ունեի բազում պատճառներ և հանգամանքներ։ Հնարավոր չէ, որ իմ կամքից դուրս ստիպեն ինձ մի բան անել։ Ես իմ դիմումի մեջ չեմ գրել՝ խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից։ Ես գրել եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները, և իմ վերջին աշխատանքային օրը համարեք օգոստոսի 14-ը»,- ասաց նա։

Տիգրան Հեքեքյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ շարունակելու է իր գործունեությունը, ինչպես դա արել է նախկինում և զբաղվելու է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբով։

«Ի միջի այլոց այդ նույն կառույցը ևս գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Միշտ եղել եմ այնտեղի գեղարվեստական ղեկավարը և շարունակելու եմ լինել։ Դա իմ ցանկությունն է, դա իմ հաճույքն է։ Հազարավոր տնօրեններ են ազատվում, ինչո՞ւ իմ աշխատանքից ազատվելը դարձավ «հայոց հարցը»»,-եզրափակեց Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։


Ամենից շատ դիտված