copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:05 08-08-2024

Ի՞նչ խաղաղություն, եթե սահմանները չեն ճշտվելու և ճամփաները չեն բացվելու

Խաղաղության պայմանագիրը աստիճանաբար դատարկվում ու բովանդակազրկվում է։ Ամիսներ առաջ, Տավուշի մարզում պիլոտային սահմանազատման անվան տակ 4 գյուղերի հանձնման ժամանակ պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման և ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս հանելու հարցերը դուրս են բերվել Խաղաղության պայմանագրի տեքստից։ Այսինքն՝ սահմանների վերաբերյալ հոդված պայմանագրում չի արտացոլվելու։ Իսկ երեկ՝ օգոստոսի 7-ին, հայտնի դարձավ, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է նաև տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, այս մասին «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:

Այսինքն՝ կողմերը պայմանագրի շուրջ բանակցություններում ոչ թե համաձայնեցնում են կարևոր հարցերը և գտնում լուծումներ, այլ վիճելի հարցերը դուրս են բերում պայմանագրի տեքստից, դրանք թողնելով հետագային։ Այսպիսով՝ խաղաղության պայմանագիրը վերածվում է խաղաղություն մասին հռչակագրի, որտեղ արտացոլվելու են կողմերի բարի ցանկությունները։ Լավագույն դեպքում նշվելու են, թե կողմերն ինչ հաջորդականությամբ են մտադիր կարգավորել Արցախի, սահմանների և ճանապարհների վերաբերյալ հարցերը։

Այսպիսի խաղաղության պայմանագիրը քաղաքական արժեք չունի։ Դեռ տարիներ առաջ կասկած կար, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը ՀՀ շահերի տեսանկյունից դատարկ բան է լինելու։ Ժամանակի ընթացքում այս կասկածը հաստատվեց։ Եվ լիովին հավանական է տարածվող ենթադրությունը, թե Բաքվում կայանալիք COP 29-ից հետո ստորագրվելու է ոչ թե պայմանագիր, այլ կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթ։ Նույնիսկ եթե այն կոչվի պայմանագիր, ըստ էության՝ լինելու են սկզբունքներ, քանի որ բովանդակային առումով՝ բանակցված տեքստը դատարկ է։

Այս տեսանկյունից պարզ է դառնում նաև օրեր առաջ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գնահատականը, թե խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ոչ թե կարգավորվելու են հայ-ադրբեջանական հարցերը, այլ նոր սկսվելու են բովանդակային բանակցությունները կարևոր հարցերի շուրջ, որոնցից մեկն էլ Արցախ վերադարձի հարցն է։ Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխությունն ու մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցության և հավակնությունների ընդլայնումը, ենթադրելի է, որ այդ հարցերն առաջիկայում կարգավորվելու են Արևմուտքի կազմած օրակարգով, նրա միջնորդությամբ ու երաշխավորությամբ։ Ենթադրելի է նաև, որ բովանդակային բանակցությունները չի վարելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա մսխել է իրեն հատկացված բանակցային ժամանակն ու որևէ էական արդյունքի չի հասել, խոչընդոտելով ու ձգձգելով միջազգային ծրագրերը։

Հետևաբար՝ խաղաղության դատարկ պայմանագիրը ստորագրելը կլինի Փաշինյանի վերջին գործողությունն իր քաղաքական անփառունակ կյանքում։ Եվ կանխատեսելի է, որ առաջիկա ընտրություններում հաջողության կհասնի այն ուժը, որը ժողովրդի համար ընդունելի լուծումներ կառաջարկի Խաղաղության պայմանագրից դուրս թողնված հոդվածների՝ Արցախի հարցի, սահմանների, ճանապարհների վերաբերյալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը