Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:37 06-08-2024

Արցախի առաջնորդների հայրենադարձությունը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է․ ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը․

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29») ընդառաջ։ Արշավի նպատակն է բարձրաձայնել հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համակարգային և կոպիտ խախտումները։ Այն նաև միտված է միավորելու համահայկական ու միջազգային ջանքերը Ադրբեջանի կողմից անօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման համար։

2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունից և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, Բաքվում նման հեղինակավոր միջոցառում կազմակերպելու միջազգային հանրության (ներառյալ՝ Հայաստանի) համաձայնությունը՝ առանց այդ պետության գործած հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց հետևանքների վերացման օրակարգի հստակ ձևակերպման, լրացուցիչ հիմք է ստեղծում Ադրբեջանի հետագա ագրեսիվ և անպատիժ վարքագծի համար։

2020 թվականի սեպտեմբերից ի վեր, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ցեղասպանական ագրեսիաների հետևանքով ոչ միայն Արցախի ողջ ժողովուրդը բռնի տեղահանվեց, այլև՝ բազմաթիվ հայեր ապօրինաբար պահվում են Բաքվում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների ու ապօրինի դատավարության՝ առանց տարրական իրավունքների պաշտպանության։ Այս պատանդների, ներառյալ՝ Արցախի ութ առաջնորդների անհապաղ հայրենադարձությունը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Խուսափումը այդ պարտավորությունից պետք է հանգեցնի համապատասխան հետևանքների։

Համաշխարհային այս կարևոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության անկյունաքարային հարցերից պետք է դառնա նաև Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հավաքական վերադարձի հարցը։ Նախքան այդ, հրատապ ուշադրության կարիք ունի նաև Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պահպանության հարցը՝ հատկապես դրանց զանգվածային ոչնչացման դեպքերի համատեքստում:

Հատկանշական է, որ նշված դրույթները հստակորեն ամրագրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանում, ինչպես նաև առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններում։

Հաշվի առնելով վերոգրյալը և գիտակցելով, որ այս թեմաները պետք է լինեն առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին գործուն աջակցություն ցուցաբերել մեկնարկած արշավին։ Խնդրում ենք կիրառել հասանելի բոլոր գործիքները արշավի սահմանված նպատակների իրագործման համար։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդարության և ապահովել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի