copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:22 11-07-2024

Մենք զգում ենք, որ մեր տղաները ողջ են․ անհետ կորածի հարազատ

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում Արցախի վերջին օրերին զոհվածների, անհետ կորածների հարազատները։

Նրանք պահանջում են, որ ՀՀ կառավարությունը տեղեկություններ տան իրենց անհետ կորած հարազատների մասին։ Նրանք պահանջում էին նաև, որ Արցախում վերջին օրերին զոհվածների դիերն արտաշիրմում անեն, տեղափոխեն Հայաստան և այստեղ հուղարկավորեն։

Անհետ կորածների հարազատները նշում են, որ դիմել են Կարմիր խաչին, ԱԱԾ-ին, սակայն արձագանք չկա։

«Խնդրում ենք, պահանջում ենք, որ տեղեկություն տան մեր հարազատների մասին, քանի որ օդից կախված ենք, հասկանում ենք։ Մենք զգում ենք, որ մեր տղաները ողջ են»,- ասաց Կառավարության շենքի մոտ հավաքաված ցուցարարներից մեկը։

Ցուցարարները պահանջում են նաև, որ Արցախում հուղարկավորված իրենց հարազատների շիրիմները տեղափոխվեն Հայաստան։

«Ես զոհվածի մայր եմ։ Որդիս զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Սկզբում ասացին, որ երեխեքին տեղափոխում են Եռաբլուր։ Հետո էլ ասացին՝ չէ, ոչ ոքի չենք կարող տեղափոխել։ Հուղարկավորեք այստեղ, հետագայում կհանենք Եռաբլուր տանելու համար։ Այդպես էլ չկարողացանք տեղափոխել։ Հուղարկավորված է Մարտունի քաղաքի գերեզմանոցում։ Այնտեղ էլ հուղարկավորված է աղջիկս։ Մեր պահանջն էն ա, որ արտաշիրմում անենք, մեր երեխեքին բերենք Եռաբլուր, գոնե մի հատ ծաղիկ դնելու տեղ լինի»,- մեկ այլ ցուցարար։

Հիշեցնենք, որ ցույցին մասնակցում են 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների և Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից զոհվածների և անհետ կորածների հարազատները։

Նշենք, նաև Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից հետո 21 հոգի անհետ կորած է համարվում։

Ամենից շատ դիտված