copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 23-03-2024

Ժողովրդավար իշխանությունը սուր քննադատություններն ադեկվատ է ընդունում և դասեր քաղում

Oragir.News-ը դեռ երեկ հայտնել էր, որ youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու հիմքով հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվել են:

Oragir.News-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը ասաց, որ թեպետ չի դիտել հաղորդումը և չի կարող ասել, թե ինչ կոնտեքստի, բնույթի մասին է խոսքը, կարևոր է համարում, որ այն համապատասխանի խուլիգանություն հոդվածին, ինչպես նշված է.

«Առանց հիմքի ձերբակալումն ու կալանավորումը, մեղմ ասած, խնդրահարույց է լինելու: Ես տեսել եմ կարճ հատված իրենց ձերբակալման ընթացքից: Իհարկե, ժողովրդավար երկրներում այդպես չեն գործում. այդ քանակությամբ մարդիկ մի հոգու չեն ձերբակալում: Դա նորմալ չէ ու խոսում է այն մասին, որ կա՛մ պատկերացում չունեն՝ ինչպես կարելի է նորմալ, թույլատրելի գործողություններով մարդուն «չեզոքացնել», եթե վտանգ կար, որ կարող էր փախուստի դիմել, կամ դիմադրություն ցուցադրել, կա՛մ հատուկ էր արված՝ ցույց տալու, որ դա ուժային պրոցես է: Ամեն դեպքում, այդ պրոցեսը չի կարող ընդունելի լինել»:

Իրավապաշտպանի խոսքով՝ ցանկացած իրեն ժողովրդավար համարող իշխանություն պիտի պատրաստ լինի սուր ու ծանր քննադատության, առանձին դեպքերում՝ սուբյեկտիվ առումով՝ վիրավորական թվացող տեքստերի, որովհետև դա է նախատեսում ղեկավարի դերում լինելը:

«Եթե մարդը հավակնում է լինել հանրային դեմք, առավել ևս՝ հավակնում է լինել իշխանություն, իսկ մեր երկրում իշխանությունը ժառանգաբար չի փոխանցվում, ու մարդիկ ձգտում են ու հասնում են իշխանության, հետևաբար պիտի պատրաստ լինի ցանկացած տեսակի քննադատության և պիտի կա՛մ ընդունի այդ քննադատությունը՝ որպես իրողություն, կա՛մ մենք վերածվելու ենք ավտորիտար կամ դիկտատորական ռեժիմների. դա շատ ցավալի է, երբ ամեն անգամ նման արձագանք են ստանում՝ սկսած թքելուց, վերջացրած՝ այսպիսի միջոցառումներով»:

Oragir.News-ի հարցին՝ աշխարհում գոյություն ունեցող այլ ժողովրդավար երկրներում գործող նորմերը, որոնցով ազատ խոսք արտահայտողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, որքանո՞վ են հարմար՝ ներդնելու մեր երկրում, Կարապետյանցը պատասխանեց.

«Իհարկե, գոյություն ունեցող ժողովրդավար երկրներում ցանկացած քննադատություն, անգամ՝ սուր քննադատություն, ընդունում են շատ նորմալ, ադեկվատ, դասեր են քաղում, հաշվի են նստում, չեն անում գործողություններ, որոնք կարող են այսպիսի պայթյուն առաջացնել:

Մենք պարտավոր ենք նման նորմերը տեղափոխել հայաստանյան իրականություն, եթե ուզում ենք համարվել ժողովրդավար, որովհետև ժողովրդավարությունը միայն ձևական պրոցեսներով չէ, միայն արտաքին փաթեթավորումը չէ. դա նախ և առաջ իշխանությունների վարքագիծն է, որովհետև իրենց ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս քաշքշոց, հայհոյանք, նշանակում է՝ դա բոլորի համար ընդօրինակելի կամ ընդունելի վարքագծի կանոն է, իսկ մենք նման պատկերներ, ցավալիորեն, տեսել ենք ոչ մեկ անգամ»:

Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ հայհոյելով ազատ խոսք արտահայտելը հարցի լուծում չէ.

«Եթե դու քաղաքական միտք ես գեներացնում, պիտի կարողանաս արտահայտվես առանց սեռական բնույթի այլանդակ հայհոյանքների, որոնք նորմալ են դարձել մեր հասարակության մեջ և ջատագովում են: Գոնե քաղաքական, հասարակական գործիչները, որոնք լսարաններ ունեն կամ իրենց համարում են այդպիսին, չպիտի օգտագործեն, որովհետև դա ընդունելի չէ: Մի բան է, որ մի ինչ-որ խուլ գյուղում ինչ-որ մի պապիկ, իր տեսակետը այլ բառամթերքով ներկայացնելու հնարավորություն չունենալով, անցնում է հայհոյանքի»:

Զրույցի ավարտին իրավապաշտպանը կրկին շեշտեց, որ բացի նշված դեպքից՝ քաղաքական-հասարակական գործչի հավակնություններ ունեցողը նման վարքագիծ դրսևորել չի կարող:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել