Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:48 18-01-2024

«Գոյ» թատրոնի տխրահռչակ տնօրենը նաև թամադա է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ դեկտեմբերին 25-ին «Գոյ» թատրոնի նշանակված տնօրենը՝ Կարեն Սիմոնյանը, նշանակումից հետո մի քանի անգամ է եղել «Գոյ» թատրոնում:

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի նախկին պաշտոնակատար Սարգիս Արզումանյանի խոսքով՝ նորանշանակ տնօրենը, ում իրենք անվստահություն են հայտնել, «երես չունի» աշխատանքի ներկայանալու.

«Նա «երես չունի», որ ներկայանա աշխատանքի: Ոչ մի տեղեկություն չունենք:

Երևի թե ավելի շատ զբաղված է խնջույքներ վարելով: Հակված ենք մտածելու այն մասին, որ միջոցառումներ ունի ու չի հասցնում ՊՈԱԿ-ը կառավարել. երևի թամադայություն է անում կամ էլ գործով է զբաղված, քանի որ նրա մականունը «թուրք» է, դրա համար էլ, երևի, դավաճանական գործարքների մեջ է»:

Հաշվի առնելով, որ Կարեն Սիմոնյանը աշխատում է նաև Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան, փորձեցինք պարզել՝ դեկտեմբերի 25-ից՝ «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, դերասանը քանի անգամ է ներկայացել թատրոն:

«Կարեն Սիմոնյանն այս պահին թատրոնում աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով։

Այո, գալիս է թատրոն և զբաղված է խաղացանկային ներկայացումներում։

Այս տարի դեռ փորձերի չի մասնակցել, բայց լինելու դեպքում պարտավոր է ներկայանալ։

Օրենքով տնօրենը իրավունք ունի զբաղվել ստեղծագործական աշխատանքով ոչ լրիվ աշխատաժամանակով»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը:

Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք շա՞տ է ծանրաբեռնված Կարեն Սիմոնյանի աշխատանքային գրաֆիկը թատրոնում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ պարբերաբար չի ներկայացել «Գոյ» թատրոն:

«Ծանրաբեռնված չէ, բայց թատրոն եկել է, իսկ «Գոյ» գնալ-չգնալուց տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը մինչև «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելը աշխատում էր Արտաշատի դրամատիկական թատրոնում, իսկ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո շարունակում է աշխատել նույն թատրոնում արդեն կես դրույքաչափով:

Թատերական գործունեությունից զատ՝ Կարեն Սիմոնյանը նաև հանդիսավար է: