copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 08:55 10-01-2024

Կարող են մի քանի ռուս լրտես բռնել ու փոխանակել հայ գերիների հետ

Հայաստանն ու Ադրբեջանը 3 տարի խոսում են խաղաղության պայմանագրի մասին։ Սակայն դրա ստորագրման նպաստավոր պայմաններ չկան։ Ադրբեջանը չի ստորագրի պայմանագիր Արևմուտքի միջնորդությամբ, քանի որ կկորցնի ռուսական հովանավորությունը։ Իսկ ՀՀ-ն չի ստորագրի Մոսկվայի միջնորդությամբ, քանի որ չի ստանա միջազգային երաշխիքներ։ Եթե այդպես է, ապա ի՞նչ իմաստ ունեն բանակցային առաջարկները, որոնք միմյանց են փոխանցում Երևանն և Բաքուն։

«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ ակնկալում է Ադրբեջանի պատասխանը»,- հունվարի 8-ին Հ1-ի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իսկ դեկտեմբերի վերջին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ խաղաղության պայմանագիրը՝ 7-րդ խմբագրմամբ Երևանում է՝ նշելով՝ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական բանակցային նամակագրությունն ընթանում է անշտապ։ Կողմերը հետ-առաջ են անում։ «Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Ընդհանուր առմամբ, նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», - նկատում է ԱԽ քարտուղարը։

Միայն այս դրվագը բավարար է հասկանալու համար, որ կողմերը ժամանակ են ձգում մինչև Արևմուտքի և Ռուսաստանի միջև վեճը հանգուցալուծվի, ուկրաինա-ռուսական պատերազմն ավարտվի, ու որոշվի, թե ով է մնում Հարավային Կովկասում և ով դուրս գալիս։ Մինչ այդ հանգուցալուծումը, ՌԴ-ն Ադրբեջանի և ՀՀ-ի օգնությամբ պահվում է այստեղ։ Իսկ վերջինները ձևացնում են, թե ինտենսիվ բանակցում են, գրավոր ու բանավոր առաջարկություններ են փոխանակում, առաջընթացի մասին ակնարկում, հույս ներշնչում, թե շատ մոտ են ստորագրելուն։ Այս ամենն ասում են ցույց տալու համար, որ եթե երաշխավորի հարցը լուծվի այսօր, ապա վաղը կարող են ստորագրել տևական ամիսներ խմբագրվող խաղաղության պայմանագիրը։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի ոչ շուտ, քան ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտի հաջորդ օրը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի առաջարկներին ծանոթացած ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դրանք որակվում են ոչ հայանպաստ, կարծիք հայտնում, որ Ադրբեջանը մտադիր չի խաղաղության պայմանագիր ստորագրել։ Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը ագրեսիվ առաջարկներով ձգձում է պայմանագրի ստորագրումը։ Հետևաբար՝ բանակցային առաջարկների մասին անորոշ ակնարկներ անելու փոխարեն, ՀՀ իշխանությունը ևս կարող է հավակնոտ քայլեր անել, որ ստորագրման ժամանակ բանակցային լավ դիրքերում լինի։

Մասնավորապես՝ ՀՀ-ն կարող է ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը դարձնել բանակցային նախապայման։ ՀՀ-ն կարող է նաև համարժեք քայլեր անել ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ, որոնք 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ-ում չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, չճանաչեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները և արգելափակեցին միջազգային ճնշման կիրառումը ագրեսորի նկատմամբ։ Օրինակ՝ կարող են մի քանի ռուս լրտես բռնել ու փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։

Կարճ ասած՝ բանակցային դիրքերը չամրացնելու հարցում ՔՊ-ական իշխանության ծուլության, անգործության, ոչ համարժեք վարքի հետևանքով լկտիանում է ադրբեջանական կողմն ու ոչ հայանպաստ առաջարկներ անում, որոնք ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտից հետո որոշ խմբագրումներով, հավանաբար, կդառնան խաղաղության պայմանագրի կետ։ Այսինքն՝ ոչինչ չփոփոխելու հաստատակամությամբ լցված ՔՊ-ական իշխանությունը դեռևս բանակցային թույլ դիրքերում է։ Ու եթե ռուս-ամերիկյան խաղաղության պայմանագիրը ստորագրվի վաղը, ապա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հայանպաստ լինելու տեսական շանս չունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը