Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:20 29-12-2023

ՀՀ-ից 102-րդի դուրս հրավիրման խոչընդոտ չկա

ՀՀ-ն 1995-ից գործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Այս ծրագրում 1995-ին ներգրավվել է նաև ՌԴ-ն, բայց 2000-ականներից դադարեցրել է գործակցությունը։ ՔՊ-ական իշխանությունը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը պասիվացրեց 2018-ին՝ հեղափոխությունից հետո, 2018-2023-ը չմասնակցեց ՆԱՏՕ-ի վարժանքներին։ Երբ Ադրբեջանը ներխուժեց ու զավթեց ՀՀ տարածքի ավելի քան 150 ք/կմ-ը, իսկ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չդատարապարտեցին ադրբեջանական ագրեսիան, դրանից հետո ՀՀ-ն ակտիվացրեց Արևմուտքի հետ հարաբերությունները, 2023-ին մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին, սպառազինության ձեռք բերման մասին պայմանագրեր կնքեց Ֆրանսիայի հետ։

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված տարեվերջյան հարցազրույցում մտահոգություն է հայտնել ՀՀ-ՆԱՏՕ գործակցության առումով, միաժամանակ հույս հայտնել, թե Երևանն իրեն հաշիվ է տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ գործակցության խորացումը հանգեցնում է ազգային անվտանգության պաշտպանության ոլորտում ինքնիշխանության կորստի։ Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳ նախարարն այս համատեքստում ակնարկում է ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության մասին։ Արդյո՞ք ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում ՀՀ-ից 102-րդի դուրս բերման հարց կա։

Պատասխանելով ՀՀ-ՆԱՏՕ գործակցության վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակիցը հարցին, Լավրովն առաջին հերթին հրապարակավ նշում է, որ ՌԴ-ն վնասակար է համարում քննարկումները Հայաստանում ռուսական զորքերի ներկայության նպատակահարմարության մասին։ Այսպիսի ձևակերպում ՌԴ բարձր պաշտոնյայից հնչում է առաջին անգամ։ Ենթադրելի է, որ հյուծող պատերազմի, ուկրաինական հակագրոհների և Արևմուտքի պատժամիջոցների ճնշման տակ հայտնված ՌԴ-ում արդեն քննարկում են ՀՀ-ում 102-րդի մնալու նպատակահարմարության հարցը։ Ու եթե Արևմուտքը ձգտում է վերջնականապես դուրս մղել ՌԴ-ին իր երբեմնի ազդեցության գոտիներից, այդ թվում՝ Հարավային Կովկասից, ապա ՌԴ ԱԳ նախարարն այս խոսույթով ակնարկում է, թե ՌԴ-ն պատրաստ է Արևմուտքի հետ քննարկել 102-րդի դուրս բերման հարցը։ Սակայն 102-րդը դուրս բերելու համար անհրաժեշտ է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, որպեսզի չնկատվի ՌԴ-ի պարտությունը Արևմուտքի հետ մրցակցությունում։ Եվ ՌԴ ԱԳ նախարարը հարցազրույցի միջոցով թափանցիկ ակնարկում է Նիկոլ Փաշինյանին, թե ՀՀ-ում կարող են քննարկել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության հարցը և դուրս հրավիրել 102-րդը։ Հավանաբար՝ ՔՊ-ական գաղտնի ժողովներում քննարկվում է այս հարցը։

102-րդի դուրս հրավիրման հարցում չկան պայմանագրային միջազգային պարտավորություններ ու դրանց չեղարկման հնարավոր բարդություններ։ Բոլորն, այդ թվում՝ Լավրովը, գիտեն որ 1995-ի մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագիրը չի հրապարակվել ՀՀ պաշտոնական աղբյուրներում, հետևաբար՝ գոյություն չունի, ինչպես գոյություն չունի Սամվել Շահրամանյանի հրամանագիրն Արցախը լուծարելու մասին, քանի որ այն պաշտոնական աղբյուրներում չի հրապարակվել։

102-րդի դուրս հրավիրման բարոյական պարտավորություններ ևս չկան։ Ավետիսյանների ընտանիքի ցուցադրական սպանությունը բավարար բարոյական հիմք է 102-րդը դուրս հրավիրելու համար։ Ինչ վերաբերում է անվտանգային և պաշտպանական ոլորտներում ինքնիշխանությանը, ապա ՀՀ-ն այս ոլորտներում ազատություն երբեք էլ չի ունեցել։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ Արևմուտքի հետ գործակցությունն ակտիվացավ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՌԴ-ն ցույց տվեց, որ չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, եվրոպական երկրների մեծ մասը, որոնք նաև ՆԱՏՕ անդամ են, ցույց տվեցին, որ ճանաչում են ՀՀ ինքնիշխան իրավունքները և պատրաստ են պաշտպանել ՀՀ անկախությունը։ Այսքանը բավարար հիմք է, որ ՀՀ-ն պաշտպանական և ազգային անվտանգային հարցերում նախապատվություն տա Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ գործակցությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում