Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց գործարար Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատական նիստը սկսվեց շուրջ 40 րոպե ուշացումով:
Հանրային մեղադրողը հայտարարեց, որ ՊԵԿ տեսուչներին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, ինչպես ավելի վաղ միջնորդել էր պաշտպանության կողմը: Ըստ դատախազի` հետազոտվելու է ստուգման ակտը, որը բոլոր հարցերի պատասխանը կտա, իսկ եթե բաց հարցեր մնան, այդ պարագայում նոր կարող են հարցաքննել ՊԵԿ տեսուչներին:
«Հանրային մեղադրողի համառ ջանքերը, որ ՊԵԿ տեսուչները չհարցաքննվեն, ինձ ստիպում են ավելի համոզվել, պետք է այստեղ հարցաքննվեն: Երբ հանրային մեղադրողն ասում է, որ հաստատ այդ հարցաքննությունից նոր բան չի բացահայտվի, առաջացավ կասկած, որ տեղի է ունեցել արտադատավարական ինչ-որ գործողություն»,-ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Դատարանը թույլ տվեց, որպեսզի ՊԵԿ տեսուչները հարցաքննվեն: Դատարանն ընդունեց նաև ապացույցների հետազոտման ողջ ծավալը, թե հանրային մեղադրողի ներկայացրած, թե պաշտպանական կողմի:
Նշենք նաև, որ կողմերը սահմանափակված չեն դատավարության ընթացքում ներկայացնել նոր ապացույցների հետազոտման միջնորդություն: