copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:10 20-12-2023

Դիմեք դատարան․ քաղաքապետարանի խորհուրդը՝ «Օրրանին»

«Պարոն Ավինյան, Դուք մի քանի ամիս առաջ ասում էիք՝ ասեք և մենք կանենք․ մենք ասում ենք, մնում է՝ դուք անեք»,- նման կոչով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է դիմում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, ով օրերս լրատվամիջոցներին ահազանգում էր՝ բարձրաձայնել քաղաքապետարանի կողմից թույլ տրվող ապօրինության մասին։

Վերջինս պնդում է, որ «Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։

«Հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում, փակվում են նրանց համար օրվա ընթացքում բնական լույսը արտացոլող պատուհանները (ի դեպ, պատուհաններից երկուսը հոգեբանի սենյակում են, որտեղ տասնյակ երեխաներ՝ ներառյալ Արցախից, մասնագետների օգնությամբ փորձում են գտնել իրենց կորցրած երազանքները): Բացի այդ, ապագա շենքից եկող ձայնը սպառնում է խանգարել երեխաների կրթությանը, քանի որ դասարանները շատ մոտ են կառուցվող շինությանը, որը, ինչպես հասկացել ենք, լինելու է սրճարան կամ ռեստորան»,- ահազանգում է Ա․ Հովհաննիսյանը:

Oragir.News-ը խնդրի առնչությաբ կապ է հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ում խոսքով, հենց «Օրրան» կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է համաձայնություն տվել այդ հասցեում երկհարկանի շինություն կառուցելուն։

«Մինչև քաղաքապետարանի հետ համաձայնեցնելը՝ աշխատանքային նախագիծը Եկմալյան 6/3 հասցեի, նախապես համաձայնեցվել է տեսչական մարմնի հետ։ Նախագծերում առկա է տեսչական մարմնի դրական եզրակացությունը, բոլոր էջերի վրա կա նրանց կնիքը, որ նախագիծը հակահրդեհային նորմերին համապատասխանում է:

«Օրրան» կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը համաձայնություն է տվել այդ հասցեում երկհարկանի շինություն կառուցելուն՝ առանց սահմաններ նշելու:

Գլխավոր հատակագծով, որը համաձայնեցվել է, նախատեսվող հասարակական շինությունն «Օրրան»-ի շենքից 2.2 մետր հեռավորության վրա է տեղակայված։ Ներկայացված է գեոդեզիա, որ կառուցապատողն իր սահմաններում, իր տարածքի մեջ ճիշտ նիշերով տեղադրել է սյուները, և շինարարական աշխատանքներն անցկացնում են շինթույլտվությանը համապատասխան»,- ասում է Հ․ Կոստանյանը:

Կոստանյանի հավաստմամբ, հողի տարածքում գեոդեզիա է արվել, որը լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացվել է որպես եզրակացություն՝ քաղաքապետարան։ Ավելին՝ շատ հնարավոր է, որ «Օրրանն» էլ տեղադիրքի խնդիր ունի:

«Այս պահին համայնքը այդ մասով որևէ լուծում չունի։ Իրենք պետք է հասկանան, որ եթե 2.2 մետր հեռավորության մասով իրենց համաձայնությունը տվել են, կառուցապատողն էլ իր հողի տարածքում է այդ գործունեությունն իրականացնում»,- ասում է Կոստանյանը և խորհուրդ տալիս «Օրրանին»՝ լուծումն իրար մեջ գտնել, իսկ եթե՝ ոչ, հարցը կարգավորեն դատական կարգով, որովհետև համայնքն անելու բան չունի, առավել ևս՝ քանդելու կամ անվավեր ճանաչելու որոշում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան