copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 11-10-2023

Այսօր Ադրբեջանն անօրինական կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի․ Գևորգյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

«Հարգելի՛ գործընկերներ,

Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ:

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին:

Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»: Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր «սողանցքերով» համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի», - նշել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր