copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:27 19-09-2023

Բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ․

«Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։

Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները