copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:45 13-09-2023

Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ ՀՀ ԱԳՆ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Այս մասին հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։

Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի։

Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։

Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում