copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 23-08-2023

Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը մեզ արդեն բերել էր անկախության կորստի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով: Դրանում ասված է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, և այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը: Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը:

Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում: 2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:

Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է:

2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում: Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ