copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:53 24-06-2023

Ադրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ

Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության վրա, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հստակ երաշխավորումը: Ընդ որում, համոզված ենք, որ վերջինիս պարագայում լավագույն ճանապարհն ուղիղ եւ բովանդակային քննարկումներն են Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ՝ միջազգային մասնակցությամբ:

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի եւ ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը եւ սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը եւ քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլեւ ճիշտ հակառակը՝ հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է եւ մարդկանց, բեռների ու տրանսպորտի որեւէ տեղաշարժի բացառումը։

Դրա հետեւանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը եւ ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը եւ դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար եւ փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ։

Այս համատեքստում անհրաժեշտ է հիշել նաեւ սոցիալական ցանցերով, ինչպես նաեւ տեղում բարձրախոսների միջոցով հնչող հայտարարություններով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումն Ադրբեջանի կողմից, Հադրութի եւ Շուշիի շրջաններից տեղահանվածների վերադարձի ապահովման պարտավորության միտումնավոր անտեսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Խծաբերդ, Հին Թաղեր եւ Փառուխ բնակավայրերի գրավումն ու ամբողջական հայաթափումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ այլն:

Այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների եւ միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի։ Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձեւանալ եւ պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ եւ անհետաձգելի ուշադրության, ներգրավման եւ ջանքերի: Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է եւ կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի