copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:50 29-04-2023

Քաղաքացիների հավաքականությունը իշխանության միակ աղբյուրն է, միակ կրողը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և ի՞նչ է դա նշանակում: Մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը, որտեղ ժողովուրդը, Քաղաքացիների հավաքականությունը իշխանության միակ աղբյուրն է, միակ կրողը:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ մակարդակի որևէ ընտրություն չի կեղծվել և Քաղաքացին հնարավորություն է ունեցել կայացնել որոշումներ՝ ավագանի, համայնքի ղեկավար, Ազգային ժողով և վարչապետ ընտրել ազատ կամարտահայտությամբ: Ընտրողների ազատ կամարտահայտությու՛նն է դարձել իշխանության ձևավորման միակ բանաձևը:

Հենց սա էր 2018 թվականի Հեղափոխության առաջնային և առանցքային նպատակներից մեկը, որ իրագործված է լիովին:

Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, չկա որևէ միտք, գաղափար, տեղեկատվություն, որ հնարավոր չէ հանրությանը հասցնել հեռուստատեսային եթերով կամ զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերը, քաղաքական, հանրային և տնտեսական գործունեությունն ազատ են լիովին:

Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք՝ մասնավորապես 44-օրյա պատերազմում և դրանից հետո:

Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները և դա էր, թերևս, մեր մեծագույն ձախողումը:

Այդ տաբուների գործադրմամբ այսօր էլ փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական և քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը պիտի պարտադրի մեզ ասել՝ հայրենիքը պետությունն է, որը պիտի լինի կոնկրետ, սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է և այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան:

Իսկ հպա՞րտ է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, որովհետեւ այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին՝ երկիրն ու տնտեսությունը զարգացնելով, ժողովրդավարության էությանն ու արժեքներին չդավաճանելով՝ հպարտության իրական աղբյուրն է:

Եւ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առջև»,-նշված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին