copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 28-04-2023

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները համագործակցության արձանագրություն են ստորագրել

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան Թյուրքալեզու պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանել է Անկարա, որտեղ հանդիպում է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերի միջև համագործակցության արձանագրություն է ստորագրվել։

Հաղորդվում է, որ կողմերը վստահություն են հայտնել, որ փաստթուղթը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։


Շենթոփն ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են իրենց գագաթնակետին, իսկ երկու ժողովուրդները միշտ միասին են և՛ դժվարին, և՛ երջանիկ օրերին։ Նա հիշեցրել է, որ այս տարի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը եղել են Թուրքիայի կողքին։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին և կանգնած է վերջինիս կողքին ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո օկուպացված տարածքներում իրականացվող այսպես կոչված շինարարական-վերականգնողական աշխատաքներում։ Նա դատապարտել է ապրիլի 14-ին Հայաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը` այն որակելով որպես «վանդալիզմ»։

Շենթոփը նաև աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքում այսպես կոչված Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրականացվող գործողություններին։ Նրա խոսքով՝ «բացարձակապես անընդունելի է, որ Հայաստանը ճանապարհն օգտագործում է ականների, ռազմական տեխնիկայի և զենքի տեղափոխման և այլ անօրինական նպատակների համար»։ Նա վերահաստատել է, որ Լաչինի ճանապարհը պետք է օգտագործվի միայն մարդասիրական նպատակներով։

Ադրբեջանի մեջլիսի նախագահը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների անձնական բարեկամական հարաբերությունները կարևոր դեր են խաղում Անկարայի և Բաքվի միջև եղբայրության, միասնության և ռազմավարական դաշնակցության մակարդակին հասնելու գործում։ Նա այս համատեքսում ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում հռչակագրի ստորագրմամբ ամբողջ աշխարհը կրկին ականատես եղավ թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Նրա խոսքով՝ հռչակագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացրեց նոր ու ավելի բարձր մակարդակի։

Սաբիհա Գաֆարովան հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իր թուրք գործընկերն այցելել է Ադրբեջան, գնացել Գյանջա քաղաք, և ականատես եղել «Հայաստանի կատարած հանցագործություններին»։ Նա նաև տեղեկություններ է հայտնել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին։ Վերջինս հերթական անգամ Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում կայուն «խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ»։

Նա հավելել է, որ երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաև այլ գերատեսչությունների միջև հաջող և լայն հարաբերություններ են հաստատվել։ Գաֆարովայի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի