copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:37 04-04-2023

Վարչապետը և Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,
Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:

Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր: Ինձ համար մշտապես հաճելի է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ՝ քննարկելու այդ բոլոր հարցերը: Բարի գալուստ»:

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,

Շատ շնորհակալ եմ: Ինձ նույնպես շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ, քննարկել մեր երկկողմ օրակարգի հարցերը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Իհարկե, դրանք հարաբերություններ են, որոնք ներկայիս տեսքով կառուցվում են վերջին 30 տարվա ընթացքում, իսկ իրականում բազմադարյա պատմություն ունեն, և մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները:

Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում