copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:59 23-03-2023

Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարային երրորդ ֆորումին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։

Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծը՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջնական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։

«Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առևերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում