copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 21-02-2023

Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ընդլայնում է իր սահմանները .«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Հայաստանի կառավարությանը կոչ է անում բանակցել իր հետ

Ադրբեջանում հակահայկական քարոզչությունն աստիճանաբար էլ ավելի է ընդլայնում իր սահմանները և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (Հայաստանում խորհրդային տարիներին բնակված ադրբեջանցիների արհեստական կազմակերպություն) Հայաստանի կառավարությանը կոչ է անում բանակցություններ սկսել իր հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «համայնքը» հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Արցախյան շարժման 35-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Շարժման հայտարարության մեջ նշվել է, թե իբր 1988 թվականի փետրվարի 20-ին «Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերն ինքնաբուխ չէին, դրանք նախորոք կազմակերպված էին»։ Հայտարարության համաձայն՝ Արցախյան շարժման գործողությունները «կազմում էին համակարգված դավադրության մաս, որը իրենից ներկայացնում էր Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և ադրբեջանցիների նկատմամբ ռասայական խտրականության ծրագիր»:

«Ադրբեջանական համայնքը» հերթական անգամ պնդել է պաշտոնական Բաքվի այն քարոզչական թեզը, թե 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմը ծավալվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, և այն իրականում Ադրբեջանի կողմից եղել է ինքնապաշտպանություն»։ Նշվում է, որ պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը կարևոր քայլ է արդարության վերականգնման ուղղությամբ և մեծացնում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման հնարավորությունները»։

«Կազմակերպությունը» միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, թե իբր Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ, արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու այս բացառիկ հնարավորությունից օգտվելու փոխարեն Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հայտարարություն է տարածում։ Շարժումը, որն ադրբեջանական կողմը որակում է որպես «տխրահռչակ», կազմակերպության համոզմամբ՝ «խորհրդանշում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն ու էթնիկական զտումները»:

«Այն, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, և որ այս երկրում շարունակվում է մոնոէթնիկ պետականության, էթնիկ զտումների և համակարգված ռասայական խտրականության վիճակը, մեծ անարդարություն է, և սա մեծ խոչընդոտ է կայուն խաղաղության հաստատման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ «ադրբեջանական համայնքը» կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջազգային գործընթացի շրջանակներում անհապաղ բանակցություններ սկսել իր հետ, որպեսզի «վտարված ադրբեջանցիները կարողանան խաղաղ, ապահով և արժանապատվորեն վերադառնալ իրենց «հայրենիք»»։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների այսպես կոչված վտարման մասին տեղեկությունները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ի տարբերություն Ադրբեջանում բնակված շուրջ 600 հազար հայերի, ովքեր ենթարկվել են ջարդերի, հալածանքների և իրենց ունեցվածքը թողնելով հեռացել են երկրից, Հայաստանում ապրող ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել վաճառել իրենց ունեցվածքը և անվտագ կերպով լքել երկիրը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել