Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:45 10-02-2023

Իրանը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել:

Փոխվարչապետը մասնավորապես ասել է.

«Ողջունում եմ բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ:

Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Հայ և իրանցի ժողովուրդները, ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով: Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակում են թե՛ հայերիս և թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել:

Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։

Հարգելի՛ ներկաներ,
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Եվ մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ընթացել են զարգացման վերընթաց ուղիով: Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են ապրում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանան։
Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության ամրապնդման:

Մեզ համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորում եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն:
Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր

Ձեզ գուցե հետաքրքրի