copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:57 14-12-2022

Ասուլիս՝ ծխելու թեմայով․ ԱՆ-ի «օպերատիվ արձագանքը» Արցախում բուժօգնությունից զրկված քաղաքացիներին

Այն, որ մեր պետական կառույցներն ու պաշտոնյաները կտրված են իրականությունից, թերևս ապացուցման կարիք չունի և երևի չարժե զարմանալ ու զայրանալ։

Հիմա արդեն մեկ օրից ավելի է՝ Արցախը հումանիտար աղետի առաջ է կանգնած, ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդյունքում շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից, մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում, հնարավորություն չկա նրանց տեղափոխելու Երևան։

Այս պայմաններում Առողջապահության նախարարությունը ասուլիսի է հրավիրում, որտեղ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կխոսի «առողջ ապրելակերպի, ծխախոտի դեմ պայքարի, բուժօգնության որակի բարելավման, բժիշկների հավաստագրման և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված քայլերի վերաբերյալ»:

Իսկապես, սա երկրի թիվ մեկ առաջնահերթությունն է, պետք է թերևս ծափահարել ԱՆ-ին նման «օպերատիվ» արձագանքի համար։

Արցախում մարդիկ զրկված են բուժօգնությունից, նրանց կյանքի ու առողջության պահպանման իրավունքը կոպտորեն ոտնահարվում է, իսկ մեր ԱՆ-ն փոխարեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, այլ միջազգային կառույցներին դիմի, փորձի օգնություն ցուցաբերել արցախցիներին, ծխելու դեմ պայքարից է խոսում։

Ի դեպ, ավելի վաղ մենք հետաքրքրվել էինք ԱՆ-ից, թե ինչ քայլեր են ձեռնարկում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի ահազանգի վերաբերյալ, խոսնակը մեզ փոխանցել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը և բժիշկները անմիջական կապի մեջ են թե՛ Արցախի առողջապահության նախարարության, թե՛ Ստեփանակերտի բժշկական կենտրոնի բժիշկների հետ։

Թերևս իրավաբան առողջապահության նախարարը վստահ է, որ այս դեպքում խոսքը կբուժի։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի