copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:25 13-12-2022

Վահրամ Դումանյանը հրաժարականից հետո հանդես է եկել հայտարարությամբ. նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը իր պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Երկու տարի առաջ ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ ես առաջնորդվել եմ մեր պետականությանը և հայրենիքին ծառայելու անշահախնդիր մղումով:

Այդ ծանրագույն ժամանակում՝ 44-օրյա պատերազմից հետո, գլխավորելով ԿԳՄՍ գերատեսչությունը՝ առաջին իսկ պահից հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս լինեմ նախարար, ապա իմ ուժերի, կարողությունների և լիազորությունների շրջանակում անելու եմ ամենայն հնարավորը՝ ԿԳՄՍՆ ոլորտներում առկա խնդիրներին լուծման ընթացք տալու և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար:

Անվիճարկելի է, որ բազմաթիվ ու բազմաբնույթ են այդ խնդիրները: Եվ, հիրավի, իմ աշխատանքային երկու տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը դիմակայել է մի շարք մարտահրավերների, հանգուցալուծվել են բազում ճգնաժամային իրավիճակներ, լուծվել են էական խնդիրներ, իսկ ամենակարևորը՝ կասեցվել է գերատեսչական ոլորտների հետագա անկումը, և դրվել են զարգացման հիմքերը:

Իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ: Սակայն, համոզված եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է բարեփոխումների ընթացքը՝ ի շահ կրթության որակի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, գիտական նոր նվաճումների, արվեստում և մարզական ասպարեզում նոր հաջողությունների արձանագրման:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնն ինձ վստահելու և ընձեռած հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև Կառավարության իմ գործընկերներին, ԿԳՄՍՆ ու նրա ենթակայությամբ գործող կոմիտեների անձնակազմերին՝ համատեղ անցած ճանապարհի և տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաև ԿԳՄՍՆ ոլորտներում գործող կազմակերպություններին ու անհատներին՝ լրջագույն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա ինչպես անցյալում, այնպես էլ առաջիկայում իմ աշխատանքով, հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համբարձում Մաթևոսյանն ու Վահրամ Դումանյանն ազատվելու են պաշտոններից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում