copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:16 08-05-2021

Ռեալը, Բարսելոնան և Յուվենթուսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Սուպերլիգային նախնական մասնակցություն հայտնած, բայց հետո մրցաշարից դուրս գալու հայտարարություն տարածած 9 ակումբների վերաինտեգրման միջոցառումները մեկնարկել են: 12 ակումբներից 3-ը՝ Ռեալը, Բարսելոնան ու Յուվենթուսը, որոնք դուրս չեն եկել Սուպերլիգայից, համատեղ հայտարարություն են տարածել այս հարցի առնչությամբ:

1.Հիմնադիր ակումբները կրել ու կրում են երրորդ կողմի անընդունելի ճնշումները և սպառնալիքները, ինչով պայմանավորված՝ հրաժարվում են կոնկրետ առաջարկների և կառուցողական երկխոսության միջոցով ֆուտբոլի էկոհամակարգին լուծումներ տրամադրելու իրենց իրավունքներից ու պարտավորություններից: Օրենքի գերակայության պայմաններում սա անհանդուրժելի է, և Տրիբունալներն արդեն որոշում են կայացրել Եվրոպական Սուպերլիգայի օգտին, ըստ որի՝ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պարտավոր են մինչև դատական վարույթի ավարտը ձեռնպահ մնալ որևէ գործողության կատարումից, որը կարող է խոչընդոտել նախագծի իրականացմանը:

2. Սուպերլիգայի նախագիծը համատեղ է մշակվել բոլոր 12 ակումբների կողմից.

ա. ֆուտբոլի տնտեսական ներկայիս վիճակին լուծում տրամադրելու նպատակով: Հիմնադիր 12 ակումբները կիսել են բոլոր մտավախությունները: Մենք ընդունել ենք, որ կառուցվածքային բարեփոխումները կենսական են՝ մեր սպորտի գրավչության պահպանման ու երկարատև գոյատևման համար: Հենց այդ նպատակով են 12 ակումբներն ապրիլի 18-ին հայտարարել Սուպերլիգայի ստեղծման և այս հարցում ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին, քանզի նրանց ծանուցվել է մրցաշարի հենց հիմնադրման օրը:

բ. ներկայիս ֆուտբոլային կառույցների ու էկոհամակարգի նկատմամբ ամենայն հարգանքով: Հիմնադիր ակումբները հստակ համաձայնել են, որ Սուպերլիգան տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ընդունվի ՖԻՖԱ-ի և/կամ ՈՒԵՖԱ-ի կողմից, կամ եթե գործող օրենքների ու կանոնակարգերի համաձայն՝ մրցաշարը համարվի համատեղելի այն մրցաշարերի հետ, որոնց մասնակցում են Սուպերլիգայի հիմնադիր ակումբները: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն շատ լավ տեղյակ են այս պայմաններին՝ մինչև այժմ հրաժարվել են համագործակցության որևէ եղանակից, և՝

գ. ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող եվրոպական ֆուտբոլային ամբողջ ընտանիքին կայունություն բերելու համար: Ճգնաժամն սպառնում է մեծ թվով ակումբների գոյության պահպանմանը:

3. Հիմնադիր անդամ 12 ակումբները նաև փաստեցին, որ Սուպերլիգան երկրպագուներին աշխարհի լավագույն շոուն մատուցելու ու սպորտաձևի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունն ավելացնելու եզակի հնարավորություն է: Ավելին՝ Սուպերլիգայի գլխավոր նպատակներից էր ներկայումս թերագնահատված կանանց ֆուտբոլի համաշխարհային մակարդակով խթանումը:

4. Մենք լիովին գիտակցում ենք Սուպերլիգայի վերաբերյալ արձագանքների բազմազանությունը և, հետևաբար, կայացված որոշումներին պարբերաբար անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում վերանայելու առաջարկվող մոտեցումը: Այնուամենայնիվ, մենք խիստ անպատասխանատու քայլ կկատարենք, եթե իմանալով ֆուտբոլային ոլորտի կարիքներն ու համակարգային ճգնաժամը՝ հրաժարվենք նախագծից, որն արդյունավետ ու կայուն պատասխաններ է տալու սպառնացող վտանգներին:

5. Մենք ցավում ենք՝ տեսնելով, որ Սուպերլիգայի հիմնադիր մեծ թվով ակումբներ այժմ հայտնվել են հակասական իրավիճակներում՝ երեկ ՈՒԵՖԱ-ի հանդեպ մի շարք պարտավորություններ ստորագրելով: Այնուամենայնիվ, մենք, հարգելով մեր պատմությունը, կատարելով մեր պարտավորությունները շահագրգիռ կողմերի ու երկրպագուների հանդեպ, հանուն ֆուտբոլի կայունության, պարտավոր ենք գործել պատասխանատու կերպով և համառորեն հետևել համարժեք լուծումներին՝ չնայած ՈՒԵՖԱ-ի անընդունելի ու շարունակական ճնշումներին և սպառնալիքներին:

6. Հիմնականում մենք ցանկանում ենք կրկնել, ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք հարգանքով ու առանց ճնշումների քննարկման՝ ամբողջ ֆուտբոլային ընտանիքի կայունության ամենահարմար լուծումները գտնելու համար:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը