Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:20 12-12-2022

Բաքվի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է. «Վերածնվող Հայաստան»


Բաքվի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանական սադրանքներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածի վրա շարունակվում են: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ այսպես կոչված բնապահպաններ ու լրագրողներ նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Իբրև «բնապահպաններ» ներկայացողների գործողությունները, վրանների տեղադրման փորձերը, այդ սադրիչ գործողություններում կանանց ու երեխաներին ներգրավելը, նման մեծ ծավալով լրատվամիջոցների առկայությունը հերթական ապացույցն է նրա, որ գործ ունենք լավ մշակված, ծրագրված գործողության հետ՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատասխանատվության ներքո:

Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն ահաբեկել Արցախի մեր հայրենակիցներին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը: Ադրբեջանի այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով:

Այն նաև Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս՝ նման հանցավոր գործելաոճը շարունակելու համար, ընդ որում՝ ոչ միայն Արցախում:
Ստեղծված իրավիճակում՝

- ՀՀ-ն` որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ, հանրությանը և աշխարհին տեսանելի անհապաղ քայլեր պիտի ձեռնարկի Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման, իրավունքների պաշտպանության նպատակով:

Այս տեսանկյունից՝ տեսանելի պիտի լինի պաշտոնական Երևանի շատ արագ արձագանքն ու աշխատանքը միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ՝ որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետություն (բոլոր մակարդակներով՝ թե՛ պետությունների ղեկավարների, թե՛ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների):

- Կոչ ենք անում միջազգային հանրությանը` հատկապես, կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող կամ իրականացման հավակնություն ունեցող պետություններին ու կազմակերպություններին հետևել ու անհապաղ արձագանքել, հարկ եղած դեպքում՝ ապահովել անհրաժեշտ գործողություններ այն ամենի հետ կապված, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Ստեփանակերտ-Գորիս մայրուղում:

- Դիմում ենք մեր հանրությանը, Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել