Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:30 10-12-2022

Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը․ Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները, Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։

Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձում՝ նվիրված մարդու իրավուքների միջազգային օրվան:

«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։

Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։

Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։

Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։


Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է։

Ես ձեզնից անկողմակալություն և համարձակություն եմ ակնկալում»,- ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի