copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:43 30-11-2022

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հերքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմից ականների տեղադրման և ադրբեջանական մարտական դիրքերի դեմ իրականացված սադրանքների պատճառով այս տարվա սեպտեմբերին չսահմանազատված սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով Ադրբեջանն իբր օկուպացրել է Հայաստանի տարածքը, հիմք չունեն»,- ասել է Հաջիզադեն:

Վերջինս պնդել է, որ «Հայաստանը գրեթե 30 տարի շարունակ օկուպացրել է ադրբեջանական տարածքները, դեռևս օկուպացրած է պահում Ադրբեջանի 8 գյուղերը, իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից Ադրբեջանի տարածքից, շարունակում է իր ռազմական սադրանքներն ու ականային սպառնալիքները»։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Հաջիզադեի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը երկար ժամանակ չէր արձագանքում սահմանազատում իրականացնելու Ադրբեջանի առաջարկին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա:

«Ինչ վերաբերում է սահմանազատման հարցին, նշենք, որ չնայած Հայաստանի արտգործնախարարության պնդմանը, հայտարարություններում, ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի, նշված է, որ սահմանազատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը փոխադարձաբար ճանաչելու հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի»,- նշել է նա:

Պաշտոնական Բաքուն նաև հայտնել է, որ «ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի հրաժարվել առաջնորդների միջև բանակցություններից և հավատարիմ է շարունակելու դրանք՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»:

«Հայաստանի առաջ քաշած պայմանները՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի պարտադիր մասնակցության մասին, ևս մեկ անգամ փաստում են, որ հայկական կողմը հավատարիմ չէ իր պարտավորություններին»,- նշել է նա։

Վերջինս նաև մեղադրել է Հայաստանի արտգործնախարարին՝ «եռակողմ հայտարարության կետերը սխալ մեկնաբանելու և ստանձնած պարտավորություններից խուսափել փորձելու մեջ»։ Նրա խոսքով՝ «ապակառուցողական գործունեությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ»։


Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը