copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:48 02-11-2022

Ինչ քամի փչում է, այդ հոսանքով էլ լողում ենք․ արդյունավետ հակաքայլեր չկան․ տնտեսագետ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում կրակոցների տակ ապրելը նորմալ է և «մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը»:

Oragir.News-ը տնտեսագետ Աղասի Թավադյանից մեկնաբանություն խնդրեց առ այն, թե որքանով է հնարավոր ռազմական գործողություններին զուգընթաց զարգացնել տնտեսությունը։

Թավադյանի դիտարկմամբ՝ տեսականորեն լիովին հնարավոր է, սակայն կասկածելի է՝ որքանով դա կհաջողվի ա՛յս իշխանության ներկայացուցիչներին, այսօրվա քաղաքականությունը մշակողներին և իրականացնողներին, երբ մասնագետների (այդ թվում և՝ իր) մասնագիտական խորհուրդները մնում են անտեսված։

Դիտարկմանը, որ սովորաբար ներդրումները փախչում են անկայուն-ռազմական միջավայրերից, ինչպե՞ս կարելի է գրավիչ դարձնել երկիրը նման իրավիճակում, Թավադյանը պատասխանեց․ «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը պետք չէ, որ ուղղված լինի ներդրումներ անելուն։ Առաջին հերթին պետք է ուղղել պատրաստի արտադրանքի արտահանման և ռազմական բնույթի մթերքներ արտադրելուն, և դրա համար բոլոր խնդիրները պետք է այդ քաղաքականությամբ լուծել։ Դա հնարավո՛ր է անել։ Ռազմական դրությունը տնտեսության զարգացման համար որոշակի սահմանափակումներ դնում է, սակայն ներդրումները պայմանավորված են ոչ միայն այդ գործոնով, դուք պետք է համապատասխան քաղաքականություն ունենաք, և ձե՛ր միջոցներն առաջին հերթին ուղղեք դեպի ներդրումներն և այն ոլորտները, որ իսկապես ապահովում են տնտեսության արագ զարգացումը․ իսկ դա արտահանումն է պատրաստի արտադրանքի, և անվտանգությունը։ Դա էլ առաջին հերթին ժամանակակից ռազմական բնույթի մթերքի արտադրությունն է»։

Անդրադառնալով վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի պայմաններում տնտեսական զարգացման խնդիրներին՝ նա հիշեցրեց, որ տոկոսադրույքը բարձրացրել են նաև Եվրոպայում, սակայն՝ ոչ այսքան։ «Օրինակ, եթե դու վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում ես մինչև տասը տոկոս, ապա, ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք գնալ․ մարդիկ միջոցներ չեն կարող գտնել։ Ի դեպ, Եվրամիությունում էլ հիմա տասը տոկոս գնաճ է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ճիշտ է, բարձրացրել են, բայց՝ միայն երկու տոկոսով, որովհետև գիտեն, որ փողի հոսքը գնալու է դեպի ներդրումներ, իսկ մեզ մետ, եթե փողը բաց ես թողնում, միանգամից գնում է սպառողական ոլորտ»,- ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ այդ հարցն, իհարկե, կարելի է լուծել դրամավարկային ճիշտ քաղաքականությամբ, օրինակ՝ կիրառելով եռաշերտ բանկային համակարգ, սակայն դա պետք է անել խիստ վերահսկողություն սահմանելով։

Վերադառնալով արտակարգ իրավիճակներում տնտեսության զարգացման հնարավորությանը՝ Թավադյանը նշեց․ «Պատերազմի և երկրաշարժի ժամանակ պետք է վարել հստակ արդյունավետ տնտեսական քաղաքականություն։ Կոնկրետ խնդիրներ կան։ Այդ հարցով ես բավական շատ եմ զբաղվել, բայց ասողին էլ լսող է պետք։ Այս իրավիճակում եթե լինենք Ադամ Սմիթի եզակի հետևորդներից և տնտեսության մեջ պրոտեկցիայով չզբաղվենք, ապա չենք կարողանա տնտեսություն զարգացնել։ Առայժմ ինչ քամի փչում է, այդ հոսանքով էլ լողում ենք։ Արդյունավետ քայլեր կամ այնպիսի հակաքայլեր, որ կարող են դիմադրել այդ քամիներին, չենք իրականացնում։ Եվ վատն այն է, որ չենք էլ ուզում սովորել․ կանոններն այսպես գրված են, վերջ»։

Ամփոփելով՝ Աղասի Թավադյանն ընդգծեց, որ սահմանների անկայուն վիճակը արտաքին ներդրումների համար որոշակի խոչընդոտ է, բայց ներքին ներդրումները խրախուսելու հստակ մեխանիզմներ կան․ «Եվ եթե կարողանում ես վերահսկել, ապա նաև արտաքին ներդրումների համար որոշակի դուռ կբացվի»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից