Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:18 27-10-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Իսրայելի պաշպտանության նախարարին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Անկարայում ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենյամին Գանցին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձին և ընդլայնված պատվիրակությունների կազմով են հանդիպել, այնուհետև համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարարին հյուրընկալելու կապակցությամբ։ Անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններին՝ Հուլուսի Աքարը նշել է, որ երկու երկրները տարածաշրջանում կարևոր դերակատարներ են։

Նրա խոսքով՝ Իսրայելի նախագահի և վարչապետի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումները շրջադարձային եղան Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների առումով։

«Թուրքիան և Իսրայելը կարևոր դերակատարներ են մեր տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, մենք ունենք պատմամշակութային լուրջ կապեր ու ընդհանուր արժեքները: Ցանկանում եմ հայտնել, որ Իսրայելի հետ մեր հարաբերությունների և համագործակցության զարգացումը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը, անվտանգությունը և էներգետիկան, կհանգեցնի տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևոր զարգացումների և նշանակալի ներդրում կունենա»,- ասել է Աքարը։

Թուրք պաշտոնյան Իսրայելի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպումը արդյունավետ է որակել՝ նշելով, որ թուրքական կողմը հանդիպման ընթացքում շատ հստակ արտահայտել է իր քաղաքականության պահանջները, դրա հետ կապված հարցերը, տեսակետներն ու գնահատականները։ Աքարը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև պաշտպանության, պաշտպանական արդյունաբերության և ռազմական անվտանգության ոլորտներում համագործակցության զգալի նախադրյալներ են առկա։

«Մենք կարծում ենք, որ մեր երկկողմ համագործակցության և երկխոսության աճը կհեշտացնի որոշ հարցերի լուծումը, որոնց շուրջ մենք համաձայն չենք՝ հատկապես Պաղեստինի հարցում»,- հայտնել է Աքարը։

Իսրայելի պաշտպանության նախարար Գանցթը հայտարարել է, որ իր այցը հստակ ազդանշան է՝ առաջիկա դրական զարգացումների համար։ Նշելով, որ երկկողմ հարաբերությունները մի շարք փորձությունների միջով են անցնում՝ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ինքը Իսրայելի երրորդ բարձրաստիճան է, ով մեկ տարուց պակաս ժամանակահատվածում այցելում է Թուրքիա։

Գանցը հավելել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում համաշխարհային կայունության ապահովման գործում։

Նկատենք, որ վերջին անգամ Իսրայելի պաշտպանության նախարարի մակարդակով այց Թուրքիա տեղի էր ունեցել 2010 թվականին։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին 2010 թվականին, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում գտնվող 9 թուրքի, ովքեր մեկնում էին Գազայի հատված։ Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների կարգավորման գործըթնաց, որի շրջանակներում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները փոխադարձ այցելություններ են կատարում:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել