copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:20 26-10-2022

Վրաստանի վարչապետը այցելել է Հունգարիա


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդլայնված պատվիրակությամբ այսօր պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Ղարիբաշվիլին Բուդապեշտում մի շարք հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հաղորդվում է, որ Վրաստանի վարչապետի այցի շրջանակներում նախատեսվում է նաև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ: Հունգարիայում Վրաստանի դեսպան Զազա Գոգսաձեն ասել է, որ Բուդապեշտում բանակցությունների ընթացքում քննարկվելու են տնտեսական հարցեր։

Դեսպանը հայտնել է, որ Հունգարիան միջազգային հարթակում Վրաստանի ակտիվ աջակիցն է, ինչպես նաև աջակցում է երկրի տարածքային ամբողջականությանը, երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացներին։ Նրա խոսքով՝ այս այցը հունգարական կողմի աջակցությունը կբարձրացնի էլ ավելի բարձր աստիճանի և մակարդակի:

«Կքննարկվեն տնտեսական հարցեր, որոնք, անկասկած, կնպաստեն երկու երկրների միջև առկա տնտեսական մեծ ներուժի հետագա բացահայտմանը և զարգացմանը»,- հայտարարել է նա։

Վրաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 14-ին։ Երկու երկրները համագործակցում են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության և գիտության ոլորտներում։ Վրաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունները խորացնելու նպատակով 2013 թվականից գործում է տնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողով։